login
Հայացք ներսից
Հայացք ներսից․ ՀԲԸՄ ՀՎՀ STEP.ai ծրագիրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 05/25/2026

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները, ավարտելով իրենց ուսումը, ձեռք են բերում գիտելիքներ Python ծրագրավորման լեզվի և տարբեր նախագծերի մասին։

 

ՀԲԸՄ ՀՎՀ STEP.ai ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեծ թվով ուսանողներ մասնակցում են ծրագրին։ Ուսանողների մեծ մասը վերադառնում է՝ շարունակելու ուսումը, ինչը վկայում է ծրագրի արդյունավետության մասին։

 

Հատկանշական են նաև ուսման մեջ հաջողությունները․ նախորդ ուսումնական տարում ուսանողների 80%-ը ստացել է բարձրագույն գնահատականներ (9–10), իսկ մնացած 20%-ը նույնպես ցուցաբերել է բարձր առաջադիմություն (7–8)։ Սակայն գնահատականներից առավել կարևոր են հետաքրքիր նախագծերը․ ուսանողները ինքնուրույն վերլուծել են տվյալների շտեմարաններ՝ սկսած ապահովագրական ծախսերից մինչև շաքարախտի հայտնաբերում՝ ներկայացնելով արդյունքները ձեռք բերված գիտելիքների միջոցով։

 

Ուսանողներից շատերը խոսել են իրենց փորձառության մասին։

 

«Այս դասընթացը կարևոր փուլ էր իմ մասնագիտական զարգացման համար։ Այն ոչ միայն օգնեց հասկանալ ծրագրավորման տրամաբանությունը, այլև սովորեցրեց արդյունավետ և համակարգված աշխատել իրական տվյալների հետ, ներառյալ մեքենայական ուսուցումը։ Տեսական գիտելիքը միշտ ուղեկցվում էր գործնական առաջադրանքներով, որոնց ընթացքում մենք ինքնուրույն ստեղծում էինք փոքր ծրագրեր, տվյալների վերլուծություններ և գծապատկերներ։ Ես մեծ վստահությամբ կարող եմ այս ամենը կիրառել իրական նախագծերում»։
— Անի Բալայան

 

«Դասընթացն ինձ հնարավորություն տվեց խորացնել ծրագրավորման իմ գիտելիքները՝ սկսած հիմունքներից մինչև տվյալների վերլուծություն։ Այս նախագիծն օգնեց հասկանալ, թե ինչպես պետք է մաքրել, կազմակերպել, վերլուծել և ներկայացնել տվյալները։ Ինձ համար սա ինքնուրույն աշխատելու, քննադատական մտածողությունը զարգացնելու և տեխնիկական հմտությունները կատարելագործելու կարևոր փորձառություն էր»։
— Երազիկ Հովհաննիսյան

 

Որոշ ուսանողների համար ծրագիրը ոչ միայն կրթվելու, այլև գիտելիքները ուրիշներին փոխանցելու հնարավորություն էր։ Նարեկ Սահակյանը կդասավանդի Python ծրագրավորման լեզու 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներին։

 

«Դասընթացի ընթացքում՝ թե՛ առցանց, թե՛ դասարանում, մենք ուսումնասիրեցինք թեմաներ, որոնք հարստացրին մեր գիտելիքները։ Ավելի խորությամբ եմ ուսումնասիրել նյութերը և պատրաստ եմ դրանք փոխանցել կրտսեր ուսանողներին»։
— Նարեկ Սահակյան

 

Ուսանողներից շատերը գիտակցեցին, որ ուսումը ոչ միայն տեղեկատվությունը յուրացնելն է, այլև աշխարհը այլ տեսանկյունից ընկալելը։

 

«Ինձ համար տպավորիչ էր տվյալների մոդելավորման և դրանց կիրառման գաղափարը։ Ավարտական նախագծիս միջոցով ես ոչ միայն ամրապնդեցի տեսական գիտելիքներս, այլև ձեռք բերեցի իրական տվյալների հետ աշխատելու գործնական փորձ»։
— Նվարդ Ղահրամանյան

 

STEP.ai ծրագիրը նախաձեռնվել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ), ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի, Սինոփսիս հիմնադրամի, Սինոփսիս Արմենիայի կրթական բաժնի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության համատեղ ջանքերով:

 

Ծրագրի մասին ավելին իմանալու համար մուտք գործե՛ք հետևյալ հղումով: