ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հիբրիդ կրթական իր ծրագրով շարունակում է առաջատար դեր ունենալ հայկական կրթության զարգացման գործում։
Ծրագիրը մշակվել է կրթական այլ հաստատություններին աջակցելու նպատակով՝ ներառելով հայագիտական դասընթացներ և ուսումնական ծրագրերի շրջանակում կազմակերպելով տարբեր առցանց միջոցառումներ։ Այս առաքելության կարևոր իրադարձություններից էր Արգենտինայի՝ Ռոսարիոյի ազգային համալսարանի հետ համագործակցությունը։
ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացները կիրառող առաջին լատինամերիկյան համալսարանի հայագիտական ամբիոնի տնօրեն պրոֆեսոր Սաբրինա Դեմիրճյանը խոսեց վերջին չորս տարիների ընթացքում ծրագրի ազդեցության մասին։
Ինչպես ընտրվեց հիբրիդ կրթական մոդելը
ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագրին հետևելու գաղափարի հեղինակը Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտական ամբիոնի անդամներից մեկն էր։ Կիսվելով սեփական փորձով՝ նա նշեց, որ հետաքրքրությամբ կարողացել է սովորել և ավարտել հայոց լեզվի, ինչպես նաև Հայաստանի նորագույն պատմության մի շարք մակարդակներ։
Համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց 2021թ. մարտի 20-ին։ Ռոսարիոյի ազգային համալսարանի ժամանակակից լեզուների ամբիոնի ներքո՝ լեզվի դպրոցի մարդաբանության և արվեստի ֆակուլտետում, գործարկվեց հայոց լեզվի ամբիոնը։ Դասընթացը ներառված է բակալավրիատի կրթական ծրագրերում, անվճար է և հասանելի բոլորին։
Ինչ ազդեցություն ունեցավ ծրագիրը
ՀԲԸՄ ՀՎՀ արևմտահայերենի՝ իսպաներենով դասավանդվող առցանց դասընթացի ներառումը զգալի ազդեցություն է ունեցել ուսման գործընթացի վրա։ Դասընթացը հատկապես օգտակար է օտարազգի ուսանողների համար։ Մուլտիմեդիա նյութերի շնորհիվ դասերն անցնում են ավելի հետաքրքիր և աշխույժ՝ ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելով։
Առցանց ծրագրի շնորհիվ ուսանողները կարող են հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրների մասնակիցների հետ։ Ծրագրին միացել են մասնակիցներ Բրազիլիայից, Կոլումբիայից, Կոստա Ռիկայից, Իսպանիայից, Մեքսիկայից, Վենեսուելայից, Արգենտինայի բազմաթիվ նահանգներից՝ Կորդովա, Չուբուտ, Էնտրե Ռիոս, Մենդոսա, Սանտյագո դել Էստերո, Սանտա Կրուս, Ռիո Նեգրո, Տուկուման, Տիերա դել Ֆուեգո, ինչպես նաև Բուենոս Այրես և Սանտա Ֆե նահանգների տարբեր քաղաքներից։
Ինչով է առանձնահատուկ ՀՎՀ ծրագիրը, և ինչ ակնկալիքներ ունենալ
ՀԲԸՄ ՀՎՀ սոցիալ-մշակութային միջոցառումները և վիրտուալ այցերը մեծ հետաքրքրություն են առաջացրել Ռոսարիոյի համալսարանի ուսանողների մոտ։ Հաջորդ տարվա նպատակներից մեկն է կազմակերպել հաճախակի հանդիպումներ և ավելի շատացնել կրթական առաջարկները։
ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագիրը համատեղում է ավանդական և առցանց կրթությունը՝ ավանդական ուսուցման մեթոդները հարստացնելով արդի տեխնոլոգիաների վրա հիմնված մուլտիմեդիա նյութերով։ Դասընթացների շրջանակում կազմակերպվում են նաև սոցիալ-մշակութային հանդիպումներ հեռավար դասախոսների աջակցությամբ։ Ծրագիրն ընդգրկվել է աշխարհի ավելի քան 80 դպրոցների և համալսարանների ուսումնական պլանում և հասանելի է դասավանդման ութ լեզուներով։
Ծանոթանալ ծրագրին