login
Հայացք ներսից
«Հայերենում զգալի առաջընթաց ունեմ ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացների շնորհիվ» 05/22/2024

ՀԲԸՄ ՀՎՀ ուսանող Լուսան Բիչակչի Շաշկալը ծնվել է Թուրքիայի Ադըյաման քաղաքում: Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Պոլիս (Ստամբուլ), որտեղ էլ ապրում են ավելի քան հիսուն տարի: Լուսանը հայկական դպրոց չի հաճախել, չնայած որ Պոլիսում հայկական մեծ համայնք կար։ Նա իր կրթությունը ստացել է թուրքական դպրոցներում և համալսարաններում, իսկ հետո քսանչորս տարի աշխատել է թուրքական ավիաընկերությունում՝ մինչև թոշակի անցնելը:

 

«Տանը ծնողներս հայերեն էին խոսում՝ Ադըյամանի բարբառով։ Հասկանում էինք այս բարբառը, բայց պատասխանում էինք թուրքերեն։ Մենք հայերեն խոսելու սովորություն չունեինք,- հիշում է նա:-Ընտանիքիցս բացի շուրջբոլորը ամենքը թուրքերեն էին խոսում»։

 

Չնայած դրան՝ Լուսանը, միևնույնն է, հայերեն սովորելու մեծ փափագ ուներ։

1990-ական թվականներին նա մասնակցել է հայոց լեզվի մի քանի դասընթացների, որոնք համակարգվել էին թուրքահայ ուսուցիչների ասոցիացիայի և «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից։ «Ինձ համար մեծ արտոնություն էր, որ հայերենի իմ առաջին ուսուցիչը բանաստեղծ Զահրատն էր»,- ասում է նա։

 

Լուսանը դեռ մանկուց սիրել է գրել։ Նրա երկու գրքերի՝ «Քո խոսքերը մնացին ինձ» (2001) և «Համր ու ծանր» (2012), բանաստեղծություններից մի քանիսը թարգմանվել են հայերեն և անգլերեն։ Նա նաև Հայաստանի գրողների միության անդամ է։ Նրա տարբեր հոդվածներ և թարգմանություններ՝ հայերենից թուրքերեն, տպագրվել են թուրքական լրատվամիջոցներում, ինչպես նաև «Մարմարա» և «Ակոս» թերթերում։

 

Լուսանը շատ հպարտությամբ նշում է, որ իր երկու զավակներն էլ հայերենով են կրթություն  ստացել․ «Նրանք ինը տարի հաճախել են մեր շրջանի հայկական դպրոցը։ Ինձ համար մեծ ուրախություն է, որ նրանք հայկական կրթություն են ստացել»։

 

2021 թվականին Լուսանի ընկերներից մեկն իրեն առաջարկել է գրանցվել ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) դասընթացներին։ Նա, իհարկե, առանց ժամանակ կորցնելու գրանցվել է արևմտահայերենի միջին մակարդակի դասընթացին։

 

«ՀՎՀ ծրագիրն ու դասընթացներն ինձ համար շատ արդյունավետ էին»,- նշում է նա։- Ամեն շաբաթ նոր նյութ և բառապաշար էի սովորում որոշակի դասի կամ թեմայի վերաբերյալ, կատարում էի վարժությունները, մասնակցում էի ՀՎՀ սոցիալական միջոցառումներին, և որ ամենակարևորն է՝ միշտ հնարավորություն էի ունենում հանդիպել և խոսել իմ հեռավար դասախոսի՝ Զեփյուռ Խպլիկյանի հետ: Այդ հաճախակի հանդիպումների շնորհիվ հեռավար դասախոսս այժմ իմ մտերիմ ընկերն է»։

 

Լուսանը անցավ ՀԲԸՄ ՀՎՀ արևմտահայերենի բոլոր դասընթացները և ավարտեց բարձրագույն մակարդակը: «Հայերենում զգալի առաջընթաց ունեմ»,- ասում է նա։ «Հայոց լեզվի դասընթացի և ՀՎՀ-ի շնորհիվ ես հիմա ավելի վարժ և ճիշտ կարող եմ խոսել հայերեն»:

 

ՀԲԸՄ ՀՎՀ արևմտահայերենի բաժնի պատասխանատու Զեփյուռ Խպլիկյանը նշում է, որ Լուսանը շատ ուշադիր և պատասխանատու ուսանող է: «Նա միշտ պատրաստ է եղել դասերին, մասնակցել մեր կազմակերպած առցանց միջոցառումներին և փորձել է կիրառել նոր սովորած բառերն ու արտահայտությունները բանավոր և գրավոր խոսքերում: Հայոց լեզվի դասընթացին գրանցվել է, որպեսզի բարելավի իր լեզվական հմտությունները և որպես հայկական մշակույթի սիրահար՝ թափանցի հայերեն խոսքի և հայկական մշակույթի խորքը»։

 

Լուսանն այժմ շարունակում է իր ուսումը ՀՎՀ-ում՝ անցնելով հայոց պատմության դասընթացը, որը դասավանդվում է արևմտահայերենով:

 

«Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ընձեռեցին հայերեն սովորելու այս հնարավորությունը։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանին և ՀԲԸՄ ՀՎՀ բոլոր աջակիցներին: ՀԲԸՄ ՀՎՀ-ն հիանալի աղբյուր է հայերեն սովորելու և հայոց պատմությունն ու մշակույթը ճանաչելու համար: Իմ բոլոր ծանոթներին խորհուրդ եմ տալիս բաց չթողնել այս եզակի հնարավորությունը»,- ասում է նա։

 

Վերջերս՝ Հայաստան կատարած իր այցի ընթացքում, Լուսանն ամուսնու՝ Օհաննեսի հետ այցելեց ՀԲԸՄ ՀՎՀ երևանյան գրասենյակ, որտեղ նրանց ջերմորեն դիմավորեցին արևմտահայերենի բաժնի պատասխանատու Զեփյուռ Խպլիկյանը և «ազատ դասընթացներ» ծրագրի արևմտահայերենի հեռավար դասախոս Զեփյուռ Բաբիկյանը, ինչպես նաև ՀԲԸՄ ՀՎՀ թիմի մյուս անդամները՝ խոսելու ՀՎՀ-ի հետ ունեցած իրենց փորձառության մասին: