STEP.ai արհեստական բանականություն ծրագիրը, որի նպատակն է խթանել STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթությունը Հայաստանի դպրոցներում, մեկնարկեց 2022 թվականին։
Վերջին երկու տարիների ընթացքում STEP.ai ծրագրի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման հիմունքները ներկայացվեցին 7 դպրոցներում։ Ծրագիրը մշակվել է արհեստական բանականության ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց համար՝ անկախ փորձից։
Վերջերս կայացած հարցազրույցներում մի քանի աշակերտներ պատմեցին սեփական փորձի մասին և ներկայացրին իրենց տեսակետները արհեստական բանականության դերի և ազդեցության վերաբերյալ։
«Ինձ շատ հետաքրքիր է՝ ինչպես է «մտածում» արհեստական բանականությունը, ինչպես են մարդիկ ստեղծում պատկերներ, ծրագրեր, ու ինչպես է այն հեշտացնում մեր կյանքը»։ - Էլեն Թադևոսյան, Երևանի պետական համալսարանի ՍԹԵՄ ավագ դպրոց
«Արհեստական բանականությամբ ես հետաքրքված էի շատ վաղուց, երբ դեռ հաճախում էի Թումո կենտրոն։ Ուզում էի հասկանալ, թե ինչպես կարելի է այն կիրառել առօրյա խնդիրների լուծման համար»։ - Հովհաննես Բաղրամյան, Երևանի պետական համալսարանի ՍԹԵՄ ավագ դպրոց
«Որոշեցի մասնակցել, որովհետև դասընթացից ստացած գիտելիքներս պետք է կիրառեմ իմ ապագա մասնագիտության մեջ։ Սովորելն այդքան էլ բարդ չէր, քանի որ արդեն գիտեի C++։ Դասերն ինձ համար շատ հետաքրքիր են անցնում»։ - Արիս Ղուկասյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Ինձ միշտ հետաքրքրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Դասընթացին որոշեցի մասնակցել՝ արհեստական բանականության մասին սովորելու համար։ Շատ ճիշտ որոշում էր»։ - Լիլիթ Ասլանյան, Երևանի թիվ 112 ավագ դպրոց
«Արհեստական բանականությունն անդադար զարգանում և բարելավվում է։ Ինձ համար սա ամենահետաքրքիր փաստն է»։ - Հովհաննես Բաղրամյան, Երևանի պետական համալսարանի ՍԹԵՄ ավագ դպրոց
«Արհեստական բանականության հետ կապված յուրաքանչյուր բան հետաքրքիր է։ Որոշել եմ մասնագիտանալ այս ոլորտում․ այն ինձ շատ է գրավում»։ - Լիլիթ Ասլանյան, Երևանի թիվ 112 ավագ դպրոց
- Ի՞նչ կարևոր խնդիրներ կարող եք լուծել՝ օգտագործելով արհեստական բանականությունը։
«Արհեստական բանականությունը կարելի է կիրառել կրթության ոլորտում՝ յուրաքանչյուր աշակերտի կարողություններին համապատասխան անհատական մոտեցում ցույց տալու համար։ Այդպես ուսուցումն ավելի արդյունավետ կլինի։ Ես այն կկիրառեի նաև արտադրության ու արդյունաբերության մեջ՝ նպաստելու մեր երկրի զարգացմանը»։ - Հովհաննես Բաղրամյան, Երևանի պետական համալսարանի ՍԹԵՄ ավագ դպրոց
«Ես արհեստական բանականությունը կկիրառեի առողջապահության մեջ։ Այն արագորեն կարող է վերլուծել մեծ թվով տվյալներ։ Կարող է նաև օգնել բժիշկներին ախտորոշելու հիվանդությունները և նշանակելու ճիշտ բուժում»։ - Դիանա Միրզոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» դպրոց
«Կցանկանայի, որ պատերազմների ժամանակ մարդկանց փոխարեն կռվեին ռոբոտները, որպեսզի մարդկային կյանքերը չկործանվեն»։ - Էլեն Թադևոսյան, Երևանի պետական համալսարանի ՍԹԵՄ ավագ դպրոց
«Արհեստական բանականության միջոցով կյանքում որոշ իրավիճակներ կլուծվեն ավելի արագ և դյուրին։ Այն կարող է օգտակար լինել բժշկության մեջ։ Նաև կարող է օգնել մարդկանց կայացնելու արագ ու ճիշտ որոշումներ»։ - Նինա Յաժյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» դպրոց
«Կարծում եմ՝ մոտ ապագայում արհեստական բանականությունը կկազմի մեր առօրյայի գրեթե 90 տոկոսը։ Մարդիկ արդեն իսկ կախված են տեխնոլոգիայից։ Վառ օրինակներից մեկն է ChatGPT-ն, որից օգտվում են բազմաթիվ մարդիկ։ Արդյոք արհեստական բանականությունը կգերիշխի՝ կարծում եմ՝ հնարավոր է, բայց մարդիկ փորձում են կանխել դա»։ - Վազգեն Գինոսյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Իմ կարծիքով արհեստական բանականությունը ճիշտ կիրառելու դեպքում կարող ենք ունենալ բարեկեցիկ ապագա։ Սակայն պետք է զգույշ լինել, որ մարդկային միտքը չփոխարինվի արհեստական բանականությամբ, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ»։ - Լիլիթ Ասլանյան, Երևանի թիվ 112 ավագ դպրոց
«Սովորե՛ք մաթեմատիկա, հատկապես՝ հանրահաշիվ։ Ծրագրավորման լեզու սովորելը նույնպես կարևոր է, օրինակ՝ Python»։ - Միքայել Չիբուխչյան, Երևանի թիվ 112 ավագ դպրոց
«Խորացրե՛ք մաթեմատիկական գիտելիքները, զարգացրե՛ք տրամաբանական մտածողությունը, եղե՛ք պատասխանատու և աշխատասեր»։ - Հովհաննես Բաղրամյան, Երևանի պետական համալսարանի ՍԹԵՄ ավագ դպրոց
«Արհեստական բանականությունն ուսումնասիրել ցանկացողներին անպայման խորհուրդ կտամ միանալ STEP.ai ծրագրին։ Եթե նրանք իսկապես հետաքրքրված են այս ոլորտով, երբեք չպետք է հանձնվել ու առաջ շարժվել՝ անկախ դժվարություններից, քանի որ արհեստական բանականությունը մեզ համար կարող է դառնալ հզոր զենք՝ նոր բան ստեղծելու և մեր հակառակորդների դեմ առավել ուժեղ լինելու»։ - Լիլիթ Ասլանյան, Երևանի թիվ 112 ավագ դպրոց
Հարցազրույցի ավարտին ուսանողներին հարցրինք, թե ինչ գույնի են պատկերացնում արհեստական բանականությունը։ Մեծ մասն ասաց՝ բաց կապույտ, որը կարծես նորարարության, տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշը լինի։
-Խաղաղ երկնքի գույնն է՝ անսահման հնարավորությունների խորհրդանիշը», — նշեց Երևանի պետական համալսարանի STEM ավագ դպրոցի ուսանող Հովհաննես Բաղրամյանը։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսանող Մանե Խաչատրյանը հավելեց.
-Այն նաև սև է, որովհետև բնության մեջ սև գույն գոյություն չունի, իսկ արհեստական բանականությունը ստեղծվել է մարդու կողմից»։
STEP.ai ծրագիրը մեկնարկել է Synopsys հիմնադրամի, ՀԲԸՄ սիլիկոնյան հովտի մասնաճյուղի, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (UEICT), Synopsys Armenia-ի կրթական բաժնի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի համագործակցությամբ։