Մարինա Սարգսյանը Հայաստանին մոտ գտնվող սփյուռքահայ համայնքից է: Ծնվելով վրաց-հայկական երեք սերունդ ունեցող ընտանիքում` նա հպարտանում է իր ընտանեկան արմատներով և հայերի համար ամենապատմական քաղաքներից մեկի հետ իր ունեցած կապով:
Մարինայի տատիկը` հայրական կողմից, Թիֆլիս է եկել Արդահանից հայոց ցեղասպանությունից հետո, որտեղ էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն` Մանուկին, ով կռվել էր զորավար Անդրանիկի բանակում`անցնելով Անգլիայից մինչև Արևմտյան Հայաստան: Մարինան այժմ էլ հիշում է իր պապիկի մեծ թուրը, որ պահվում է իրենց տան նկուղում: Այն հիշեցնում է իր ընտանիքի անցյալի դաժան օրերը: Մարինայի տատիկը` մայրական կողմից, վրացական ազնվական ընտանիքից է սերում, մինչդեռ նրա պապիկը ներկայիս Հայաստանի Գավառ քաղաքից է:
Մարինայի ծնողները ռուսական դպրոց են հաճախել և այդ պատճառով է, որ նրանք չեն կարդում և չեն գրում հայերեն, բայց խոսում են հայերեն (թիֆլիսյան բարբառ): Իր ծնողների պես Մարինան հաճախել է ռուսական դպրոց, որտեղ նա փոքր տարիքից սովորել է նաև վրացերեն և անգլերեն:
Նա նաև հաճախել է Վրաստանի հայկական թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցը: Այնուամենայնիվ, իր առօրյա կյանքում չկար այն միջավայրը, որտեղ նա կկարողանար կիրառել հայերենի այն գիտելիքները, որ ձեռք էր բերել դպրոցում:
Երբ Մարինան դպրոցական էր, նա երազում էր դառնալ բժիշկ: Նա իր դասերը լավ էր սովորում և մասնակցում էր տարբեր մրցույթների: Ավելի ուշ, նա ընդունվեց Իվան Ջավախաշվիլիի անվան պետական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետ` միևնույն ժամանակ աշխատելով որպես թարգմանիչ: Այս տարիների ընթացքում լատինական պարը նրա նախասիրությունն էր:
Մարինան ՀՎՀ-ի մասին իմացավ Վրաստանի հայկական թեմի ծառայողից, երբ 24 տարեկան էր: Նա շատ ուրախացավ, քանի որ վերջապես հայերեն կսովորեր: Նա անմիջապես գրանցվեց լեզվի դասընթացներին և հայերեն սովորեց սկսնակների մակարդակից սկսած, այնուհետև մասնակցեց նաև հայոց պատմության և երաժշտության դասընթացներին:
Այս զարգացումը Մարինայի կյանքում շատ բան փոխեց. լատինական պարերի փոխարեն հայկական ժողովրդական պարը դարձավ իր նախասիրությունը և նա միացավ «Անի» հայկական ժողովրդական պարային խմբին:
«Ես նորից ծնվեցի… որպես հայ»,- ասում է նա:
Մարինան գովաբանում է իր ՀՎՀ ուսուցիչներին, ովքեր իրեն ահռելի օգնություն են ցուցաբերել և օգնել հայերեն սովորել 6 ամսից էլ քիչ ժամանակահատվածում: «Իմ ուսուցիչը` Իզաբելլան, և ես արդեն լավ ընկերներ ենք», - ասում է նա: «ՀՎՀ-ն աշխարհի տարբեր անկյուններում ապրող սփյուռքահայի համար հայերեն սովորելու և ազգային ինքնությունը պահպանելու միակ հնարավորությունն է»:
Դրանից հետո Մարինան աշխատել է Վրաստանի հայկական թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում որպես հայերեն-ռուսերեն և հայերեն-անգլերեն լեզուների թարգմանիչ: Այս գործունեությունը նրան օգնեց զարգացնել գիտելիքները, լավ հարաբերություններ ստեղծել Վրաստանի հայկական համայնքի հետ և Հայաստան այցելել մի քանի անգամ:
«Առաջին անգամ Հայաստան այցելեցի ՀՎՀ-ի առաջին տարեդարձի կապակցությամբ: Ես 25 տարեկան էի և մինչ այդ երբեք չէի եղել Հայաստանում»:
Մարինան այժմ աշխատում է մի քանի արտասահմանյան կազմակերպություններում որպես թարգմանիչ և հանդիպում է տարբեր մասնագիտության ու ազգային պատկանելության մարդկանց հետ: Այդուհանդերձ, նա չի մոռանում իր նախասիրությունը` հայկական ժողովրդական պարը, և շարունակում է իր գործունեությունը Վրաստանի հայկական համայնքում: Նա զգում է, որ իր կապերը հիմա շատ ավելի ուժեղ են և ոչինչ չի կարող խլել իրենից այն, ինչ սովորել է:
«Այժմ ես և՛հայ, և՛ ոչ հայ իմ ընկերներին խրախուսում եմ մասնակցել ՀՎՀ ծրագրերին»:
Հեղինակ` Հարութ Էկմանյան