login
Հայացք ներսից
ՀՎՀ-ն գիտելիքների հարստացման աղբյուր 03/18/2016

Մինչև Հայկական վիրտուալ համալսարանի մասին տեղեկանալը Վալերի Նովոսելսկին գիտեր միայն հայերեն որոշ խոսակցական նախադասություններ, որոշ սիրային արտահայտություններ, որ սովորել էր իր հայ ընկերներից: Այսօր Վալերին զարգացրել է հայոց պատմության, ճարտարապետության, լեզվի, ինչպես նաև երաժշտության բնագավառների իր ունեցած գիտելիքները` մասնակցելով ՀՎՀ-ի օնլայն դասընթացներին և ավարտելով այդ դասընթացների մեծ մասի բարձր մակարդակները:
 

Մեծանալով Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում` Վալերին հիշում է, որ թեև այդտեղ հայկական համայնքը մեծ չէր, բայց նա միշտ սոցիալական կապեր է ունեցել հայերի հետ. «Սովետական Միության տարիներին մենք նույն պետության քաղաքացիներն էինք»: Հետագայում, երբ նա տեղափոխվեց Մոսկվա, այնուհետև` Իսրայելի Հայֆա քաղաք, այս ազդեցությունը վերափոխվեց հայերի հետ ամուր կապերի:
   

Նա մեծացավ հայազգի հարևանների, դասընկերների ու ընկերների հետ և զգալիորեն զարգացրեց իր հետաքրքրությունը հայկական մշակույթի և պատմության նկատմամբ: 2011 թվականի հոկտեմբերին համացանցում կարճ փնտրտուքից հետո նա գտավ Հայկական վիրտուալ համալսարանը, իսկ դասընթացների ցանկն ուսումնասիրելուց հետո հասկացավ, որ գտել է այն, ինչ փնտրում էր:
 

Վալերին արդեն ավարտել է հայոց պատմության`անտիկ ժամանակներից մինչև 20-րդ դար, ճարտարապետության, լեզվի և երաժշտության դասընթացները: Նա վստահեցնում է, որ անգամ եթե շատ դժվար է մտապահել որոշ հայ ականավոր դեմքերի, աշխարհագրական վայրերի անունները, դասընթացում ներառված մանրամասնությունները, միևնույն է բովանդակության որակի շնորհիվ նյութը հասկանալի և մատչելի է կրթական տարբեր մակարդակ ունեցող մարդկանց համար:
 

Վալերին նշում է, որ ՀՎՀ-ի դասընթացները և դասավանդման մեթոդները նրան ոգեշնչեցին առավել խորն ուսումնասիրել այն թեմաները, որ իր համար հետաքրքիր էին: Օրինակ, երբ պատմության դասընթացի շրջանակներում նա սովորեց Մամիկոնյան արքայատոհմի մասին, ինչպես ինքն է փաստում.


 «Այն տեղեկությունները, որ ՀՎՀ-ի միջոցով ես իմացա այս արքայատոհմի մասին, ինձ շահադրդեցին ուսումնասիրել Չինաստանում հայկական համայնքների պատմությանը վերաբերող այլ աղբյուրներ: Թեմա, որն առավելապես գրավում է հայկական ժառանգությամբ հետաքրքրվածների ուշադրությունը»:
 

Իր գնչուական ծագման և մարդու իրավունքների պաշտպանության ջատագովը լինելու արդյունքում Վալերին ակտիվորեն ներգրավվել է գնչուական միջազգային շարժման մեջ և այժմ գնչուական վիրտուալ ցանցի խմբագիրն է: Նա բարձր է գնահատում ՀՎՀ-ի դերը, այն է` լինել կամուրջ Հայաստանի և միջազգային համայնքի միջև. «ՀՎՀ-ի շնորհիվ Հայաստանը նոր ընկերներ ձեռք կբերի, ովքեր բազային գիտելիքներ ունեն հայ ժողովրդի պատմության, մշակույթի և լեզվի մասին: Իսկ նրանք`անկախ իրենց աշխատանքային պարտականություններից, բառիս բուն իմաստով կդառնան Հայաստանի հանրային դիվանագետներն աշխարհում»,-հաստատում է Վալերին: