login
Հայացք ներսից
ՀԲԸՄ ՀՎՀ ուսանողը, ով չունի հայկական արմատներ,կիսվում է իր ուսման փորձով 11/13/2023

ՀԲԸՄ ՀՎՀ ուսանող Անտոնիո Է․ Պորեկան, որը ծնվել է Իտալիայում և այժմ ապրում է Ֆրանսիայում, Էքս Մարսել համալսարանի դասախոս է և համակարգչային գիտության գիտաշխատող։ Նա չունի հայկական արմատներ, սակայն իր կինն արևմտահայերենի լեզվակիր է։ Բացի այդ, լեզուներ սովորելն Անտոնիոյի տարերքն է, և հենց դրա համար էլ նա որոշեց սովորել ՀԲԸՄ ՀՎՀ-ում։ 

 

Համացանցում արևմտահայերենի դասընթացներ որոնելիս նա հայտնաբերեց ՀԲԸՄ ՀՎՀ-ն և որոշեց գրանցվել։ Արդեն անցել է արևմտահայերենի չորս մակարդակ (սկսնակ, տարրական, նախամիջին և միջին)։

 

Անտոնիոն, ով բնավորությամբ պերֆեկցիոնիստ է, կարծում է, որ դեռ ունի լեզվին տիրապետելու տարրական մակարդակ և ցանկանում է ավելի զարգացնել բառապաշարը վարժ խոսք ունենալու համար։ «Հայերենը հնդեվրոպական ընտանիքին պատկանող լեզու է, բայց շատ է տարբերվում մյուս լեզուներից։ Ես շատ չեմ խոսում հայերեն, քանի որ փորձում եմ ավելի զարգացնել լեզվի իմացությունս»։

 

Անտոնիոն, ոգեշնչվելով կնոջ մշակութային արժեքներից և հույս ունենալով, որ նրա հետ կկարողանա արևմտահայերեն խոսել, ամեն օր ուսումնասիրում է ՀԲԸՄ ՀՎՀ առցանց դասերը, վերանայում բառապաշարն ու նախադասությունները, կարդում հայերեն տեքստեր և նույնիսկ լսում հայկական ռադիո։

 

Նախքան հայերենի դասընթացները սկսելը Անտոնիոն փնտրում էր նյութեր, հատկապես ձայնագրություններ, տեսանյութեր և տեքստեր, որոնք նախատեսված կլինեին սկսնակի համար։ Ինչպես նաև կարևոր էր հեռավար դասերի մասնակցությունը աշխատանքի և կենսակերպի հետ համատեղելը։

 

«ՀՎՀ-ի շնորհիվ ակնկալիքներս իրականություն դարձան։ Ես հիանալի դասախոս ունեի, ով միշտ պատրաստ էր ինձ օգնել։ Ես շատ էի սիրում իմ դասախոսի՝ Անի Դեկիրմենչյանի հետ մեր շաբաթական տեսազանգերը։ Մենք քննարկում էինք շաբաթվա թեման, և նա ինձ միշտ ոգևորում էր»։

 

ՀԲԸՄ ՀՎՀ ավագ հեռավար դասախոս Անի Դեկիրմենչյանը նշում է, որ Անտոնիոն շատ պատասխանատու է և աշխատասեր։ «Ամեն շաբաթ մեր տեսադասերի ժամանակ ես ավելի էի համոզվում, թե որքան պատասխանատու ուսանող է Անտոնիոն։ Դասերի ընթացքում նա փորձում էր գործածել դասում ընդգրկված բոլոր նոր բառերը։ Նա շատ է սիրում հայերենը և մեր դասերը, ինչն էլ ուսուցչի համար շատ ոգևորիչ է»։

 

Անտոնիոն ցանկանում է շարունակել ուսումը ՀԲԸՄ ՀՎՀ-ում։ «Քանի որ հետաքրքված եմ լեզուների ուսումնասիրությամբ, ուզում եմ անցնել ավելի բարձր մակարդակի դասընթացներ»։  Հետագայում մտադիր է նաև գրանցվել ՀԲԸՄ ՀՎՀ-ի այլ դասընթացների։

 

«Բոլոր նրանց, ում հետաքրքիր է հայերենը, հայոց պատմությունը և հայկական մշակույթը, խորհուրդ եմ տալիս գրանցվել ՀՎՀ դասընթացներին։ Հիանալի է, որ կարող եմ դասընթացներին մասնակցել առցանց ։ Իսկ դասավանդման նյութերի որակը և դասախոսների գիտելիքներն ինձ էլ ավելի ոգեշնչեցին շարունակել դասընթացները», - խոսքն ամփոփեց Անտոնիոն։