login
Հոդվածներ
Դոկտոր Զորյանի հանդիպումը Արամ Ա կաթողիկոսի հետ 03/25/2022

2022թ․ մարտի 20-ին ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին։ Հանդիպմանը ներկա էր նաև «Սփյուռքի տարի» նախագիծը համակարգող հանձնախմբի անդամ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Արամ Ա կաթողիկոսն ամանորի իր ամենամյա ուղերձում 2022 թվականը հռչակել էր «Սփյուռքի տարի»։


Շաբաթվա սկզբին դոկտոր Զորյանը մասնակցեց «Սփյուռքի տարի» նախագծին նվիրված առաջին համաշխարհային ժողովին, որը նախագահում էր Վեհափառ Հայրապետը։


Խոսելով վիրտուալ համայնքների և առցանց հաղորդակցության վերջին միտումների մասին՝ դոկտոր Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ն որպես կրթության, հաղորդակցության և մասնագիտական զարգացման համաշխարհային մուլտիմեդիա հարթակ և կարևորեց վերջինիս մեծ ներուժը հայ մասնագետների և համայնքների միջև կապերի ամրապնդման գործում:


Վեհափառ Հայրապետն անդրադարձել է տեխնոլոգիական փոփոխություններ բերած նոր իրականությանը և տարբեր ոլորտների արհեստավարժ մարդկանց համախմբմանը` ի շահ հայոց աշխարհի։ Նա բարձր գնահատեց դոկտոր Զորյանի աշխատանքն ու ներդրումն այս գործում։


Դոկտոր Երվանդ Զորյանը շնորհակալություն  հայտնեց Վեհափառ Հայրապետին նախագծին որպես փորձագետ մասնակցելու հրավերի համար և պատրաստակամություն հայտնեց օժանդակելու հետագա քննարկումներին ու աշխատաժողովներին։