«STEP.ai․ արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի՝ 2025–2026 ուսումնական տարվա առաջին խումբն ավարտեց եռամյա դասընթացը։
STEP.ai ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ), Սինոփսիս Արմենիայի և Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) կողմից՝ Սինոփսիս հիմնադրամի հովանավորությամբ։
Դասավանդումն իրականացվում է երեք հիմնական փուլերով․ 10-րդ դասարանում դասավանդվում են Python-ի և արհեստական բանականության հիմունքները, 11-րդ դասարանում՝ մեքենայական ուսուցումը, իսկ 12-րդ դասարանում՝ բնական լեզվի մշակումը և ռոբոտաշինությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից որպես եռամյա ընտրովի ծրագիր հավատարմագրվելուց հետո STEP.ai ծրագրում ընդգրկվել են 15 ավագ դպրոցների 172 աշակերտներ։ Տեսական դասընթացների, ծրագրավորման առաջադրանքների և ամփոփիչ խմբային նախագծերի իրականացման ընթացքում աշակերտներին ուղղորդել են 5 հեռավար և 22 առկա ուսուցիչներ։
«Երբ մենք նոր էինք որոշում մասնակցել, արհեստական բանականության այս մեծ հեղաշրջումն արդեն տեղի էր ունեցել, և բոլորիս հետաքրքրում էր, թե ինչ է դա իրականում, ինչպես է աշխատում», - նշեց ծրագրի շրջանավարտ և Էջմիածնի «Էօրնեկեան» ավագ դպրոցի աշակերտ Դիանա Միրզոյանը։
Նրա համադասարանցի Նինա Յաժյանը ավելացրեց․ «Ծրագիրը տվեց մեծ գիտելիք, փորձ և բացեց մեծ հնարավորություններ օգտագործելու գիտելիքս և պրակտիկայում կիրառելու այն ամենը, ինչ ստացել եմ»։
«Էօրնեկեան» ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նշեց․ «Մեծ ջանք է ներդրված, շատ մեծ աշխատանք է արված, և ես շատ ուրախ եմ, որ այսօր այս սերնդին տրվում է հնարավորություն արագ կյանք մտնելու»:
2022 թվականին Երևանի թիվ 112 ավագ դպրոցը նույնպես միացավ ծրագրին․ Դպրոցի տնօրեն Օվսաննա Քարամայանն ասաց․ «Հանդիպում-քննարկումներ ունեցանք, մտավախություններ էլ ունեինք, բայց մեր համարձակությունը և հավատն առ այն, որ շատ-շատ կարևոր ծրագիր է 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ, մեզ առաջնորդեց և մեկնարկը տրվեց»:
Դպրոցի շրջանավարտ Աստղիկ Նալբանդյանի համար STEP.ai ծրագիրը շատ կարևոր էր․ «Սովորեցի՝ ինչպես ճիշտ օգտագործել, ինչպես կիրառել արհեստական բանականությունը, ու նաև սա տվեց ինձ մասնագիտական կողմնորոշում»:
2026–2027 ուսումնական տարում ծրագիրը կշարունակի ունենալ իր կարևոր ներդրումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «STEP ai - Արհեստական բանականության և տվյալների վերլուծության հիմունքներ» առարկայական ծրագիրը 10-րդ դասարանի աշակերտների համար։
ՀՎՀ-ի՝ առցանց ուսուցման ոլորտում տարիների փորձի վրա հիմնվելով՝ առցանց դասերը կատարելագործվում են՝ ներառելով արհեստական բանականության զանազան գործիքներ, որոնց միջոցով հարստանում է ուսուցման փորձառությունը։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։