login
Հոդվածներ
Կրթություն հանուն իրազեկման․ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը շարունակաբար նպաստում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությանը 05/25/2025

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) շարունակում է նպաստել ցեղասպանության վերաբերյալ իրազեկմանն ու կրթությանը՝ իրականացնելով առցանց միջոցառումների և նախագծերի շարք, որոնք միտված են պահպանելու Հայոց ցեղասպանության հիշողությունը։

 

Կազմակերպվում են թանգարանային վիրտուալ շրջայցեր, կրթական հանդիպումներ և գիտաժողովներ, որոնց մասնակցում են պատմաբաններ, ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ և ոլորտի այլ մասնագետներ: ՀՎՀ-ն հիշողությունը վերածում է իրազեկման հնարավորության՝ ապահովելով մատչելի և անվճար կրթություն:

 

Կարևոր նախաձեռնություններից են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վիրտուալ շրջայցը, «Վերապրումի իմ պատմությունը» անձնական վկայությունների շարքը, ինչպես նաև Դիանա Աբգարի հերոսական կյանքի և Լևոն Զ. Սյուրմելյանի անմահ հուշերի շուրջ ներկայացված առցանց նյութերը (ՀՎՀ առցանց կրթահարթակ)։ Բացի այդ կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ, ուղիղ հեռարձակումներ և հետաքրքիր նախաձեռնություններ, որոնց շարքում է պատմության դասավանդումը արվեստի և աշխարհագրության միջոցով։

 

2025 թ. մայիսի 3-ին կայացավ վեբինար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-ամյակին։ Վեբինարի բանախոսը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ Վահագն Տատրեանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավար, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի ցեղասպանության և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Սուրեն Մանուկյանը, ներկայացրեց «Հեղափոխությունից Պանթյուրքիզմ․ Հայոց ցեղասպանության պատճառները» թեման:

 

Մեկ տասնամյակից ավելի է, ինչ ՀՎՀ-ն առաջարկում է նորարարական իր մոտեցումները հայագիտությունը ուսուցանելու ոլորտում։ Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող ուսանողների և մանկավարժների համար հասանելի առցանց նախաձեռնությունների միջոցով պատմությունը ոչ միայն կհիշվի, այլև դարերով կպահպանվի:

 

Դիտել բոլոր նախաձեռնությունների ամփոփ տեսանյութը այստեղ:

 

Միանալ ՀՎՀ առցանց կրթահարթակին