login
Հոդվածներ
Թուրքիայի ծպտյալ հայերի համագործակցությունը ՀՎՀ-ի հետ 08/05/2015
2015թ. օգոստոսի 5-ին ՀՎՀ-ն հյուրընկալեց Թուրքիայից ժամանած 80 ծպտյալ հայերի խմբին, որ Հայաստան էին եկել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում: Նպատակ ունենալով վերակենդանացնել ազգային ինքնությունը` նրանք փնտրում էին իրենց նախնիների լեզվին, մշակույթին և պատմությանը վերադառնալու հնարավորություններ և միջոցներ: Այս համատեքստում այն, ինչ առաջարկում է ՀՎՀ-ն կատարյալ էր: Խմբին Հայաստան էր բերել Րաֆֆի Պետրոսյանը` նվիրյալ հայ և «Վերածնունդ» նախագծի հիմնադիր: Րաֆֆին նրանց օգնեց վերագտնել իրենց հայկական արմատները, ինչպես նաև լեզուն և մշակույթը: Խմբում կային 1915թ. հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, ովքեր որբ էին դարձել և բռնի իսլամացվել թուրքերի ու քրդերի կողմից: Իրենց կյանքի տարբեր փուլերում, նրանք կարողացել էին բացահայտել իրենց հայկական ծագումը և քաջություն էին ունեցել խոսել այդ մասին և այցելել իրենց հայրենիքը: Խմբի անդամները տարբեր տարիքի էին` 15-70, և եկել էին Թուրքիայի տարբեր շրջաններից` Համշեն, Դիարբեքիր, Դերսիմ, այլ: Նրանք սոցիալ-տնտեսական տարբեր բնագավառների ներկայացուցիչներ էին` ուսուցիչներից և իրավաբաններից մինչև տնային տնտեսուհիներ և թոշակառուներ: Նրանց հայերեն լեզվի իմացության մակարդակը նույնպես տարբեր էր. համշեցիները խոսում էին հայկական բարբառով, մինչդեռ մյուսները խոսում էին միայն թուրքերեն, ոմանք էլ գիտեին ընդամենը մի քանի արևմտահայերեն բառ: ՀՎՀ-ի դասավանդման լեզուներում թուրքերենն ավելացվել էր հատկապես այս մարդկանց համար, որպեսզի հայկական կրթությունը հասանելի լինի նաև Թուրքիայի ծպտյալ հայերին: Հայաստանից մեկնելուց հետո խմբից մի շարք ուսանողներ արձանագրվեցին ՀՎՀ դասընթացներին: