login
Հոդվածներ
Սեմինար Բուդապեշտում` նվիրված տարբեր սփյուռքերի մշակութային ժառանգությանը և հիշատակմանը 10/16/2015
2015 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 18-ը Բուդապեշտում «Սփյուռքերի Եվրոպա» ծրագրի հովանու ներքո տեղի ունեցավ «Սփյուռքերի մշակութային ժառանգությունը և հիշատակումը» խորագրով սեմինար: ՀԲԸՄ Եվրոպայի, Phiren Amenca-ի և Հրեա ուսանողների եվրոպական միության (EUJS) համատեղ կազմակերպած սեմինարի 33 մասնակիցների նպատակն էր քննարկել և ուշադրությունը կենտրոնացնել սփյուռքի թողած մշակութային ժառանգության վրա: Քննարկումների ժամանակ հայ, հրեա և գնչու(Roma) բանախոսները իրենց տեսակետները հայտնեցին այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել մշակութային ժառանգությունը և այն ավելի ճանաչելի և ընդունելի դարձնել Եվրոպայում : Հայկական սփյուռքի հետ ունեցած իր աշխատանքային մեծ փորձից ելնելով` ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյան փաստեց. «Մշակութային ժառանգությունը հարստություն է, և այն ժառանգաբար փոխանցվում է քեզ, եթե իհարկե դու պատրաստ ես այն ընդունել: Այդ ժառանգությունը շղթայի մի օղակն է: Եթե այն կոտրվի, մնացածը կարող է անհետանալ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սերունդ այդ շղթայի մի մասնիկն է, և յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել այդ ժառանգությունը»: Հաջորդ կարևոր թեման, որ քննարկվեց սեմինարի ընթացքում, նվիրված էր Եվրոպայում սփյուռքի առաջ ծառացած խնդիրներին և այժմյան մարտահրավերներին: Մասնակիցների կարծիքով` խնդիրներից և ցրվածությունից խուսափելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կարող է հանդիսանալ համայնքների միջև ակտիվ փոխհամագործակցությունը` աջակցելով միմյանց ազգային մշակութային ժառանգության պահպանության հարցում և իրենց հետքը թողնելով Եվրոպայի պատմության մեջ: Ազգային ինքնության պահպանման համատեքստում ազգային կրթությունը սփյուռքի դպրոցներում մեծ կարևորություն է ներկայացնում: Մի շարք զեկուցողներ ներկայացրեցին այսօր գոյություն ունեցող եվրոպական այն ծրագրերը, որոնք նպատակ են հետապնդում կրթություն տրամադրել սփյուռքին: Դոկտոր Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ի ունեցած հաջողությունները և ձեռքբերումները, ինչպես նաև օնլայն կրթության դերը սփյուռքում ազգային կրթության տարածման հարցում: Բուդապեշտում տեղի ունեցած սեմինարի շրջանակներում դոկտոր Երվանդ Զորյանը առիթ ունեցավ հանդիպելու Բուդապեշտի հայ համայնքի որոշ ղեկավարների` Ալեքս Ավանեսյանի, Սոսի Սուսանյանի և Երանյակ Օգանովի հետ: Նրանք քննարկեցին, թե ինչպիսի խնդիրներ ունեն համայնքի անդամները, և ինչպիսի աջակցություն ՀՎՀ-ն կարող է տրամադրել համայնքին այդ խնդիրները լուծելու հարցում: Պարոն Զորյանը այցելեց Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ եկեղեցին և հայկական թանգարանը: Բոլոր այցելություններին հաջորդեցին քննարկումներ ՀՎՀ-ի հետ համագործակցության հետագա ծրագրերի մասին, ինչն էլ կհանգեցնի Եվրոպայում այզգային կրթության ընդլայնմանը և կնպաստի, հայրենիքից հեռու, հայ ինքնության պահպանմանը: