login
Հայացք ներսից
Կրթության հանդեպ ունեցած սերն օգնեց ՀՎՀ ուսանողին անտեսել բոլոր դժվարությունները 02/17/2015

Ամալյան երիտասարդ աղջիկ է Լոռիից, ում կյանքը կտրուկ փոխվեց վաղ հասակում: Նրա տեսողությունը վատացավ, երբ դեռ ավագ դպրոցում էր, և նա ստիպված եղավ ուսումը շարունակել հատուկ կարիքներ ունեցողների համար նախատեսված դպրոցում: Բայց այդ փաստը երբեք չխոչընդոտեց ուսումը շարունակել:
 

Ամալյան ծնվել է 1992թ.-ին Տաշիր քաղաքում: Ծնողները ծնունդով նույնպես Տաշիրից են, իսկ տատիկն ու պապիկը՝ Արևմտյան Հայաստանից` Ալաշկերտից: Ամալյան իր մանկությունն անցկացրել է Լոռվա հրաշալի բնության գրկում՝ լի Ալպիական լեռների մաքուր օդով և ընկերների ջերմությամբ:
 

2007թ.-ին 8-րդ դասարանցի Ամալյան Տաշիրի թիվ 1 միջնակարգ դպրոցից տեղափոխվեց հատուկ կարիքներ ունեցողների համար նախատեսված Երևանի թիվ 14 դպրոց:
 

Այժմ նա ապրում է Երևանում՝ մոր և քույրերի հետ: Հայրը կյանքից հեռացել է տարիներ առաջ, երբ երեխաները շատ փոքր էին, իսկ գրադարանավար մայրն իր ողջ եռանդը նվիրել է աշխատանքին և երեխաների դաստիարակությանը:
 

Բրայլյան այբուբենը չիմանալու պատճառով սկզբում Ամալյային բավական բարդ էր հարմարվել դպրոցական նոր համակարգին՝ սակայն նա կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում հաղթահարել բոլոր դժվարությունները: Մինչ այդ Մերգելյան ինստիտուտից մի ինժեներ ստեղծեց ‹‹Արև›› կոչվող նոր ծրագիրը, որը օգնեց Ամալյային օգտվել համակարգչից ու համացանցից և շարունակել ուսումը:
 

‹‹Արևի ջերմությունը մեզանից յուրաքանչյուրի մեջ կա: Աշխարհն այդպես է ստեղծված: Մեզնից շատերը իրենց մեջ են պահում այն, որպեսզի չհոգնեն կյանքի դժվարություններից: Եվ միայն քչերն են կարողանում իրենց ջերմությունը կիսել և երջանկացնել ուրիշներին: Այդ քչերից մեկն էլ իմ ուսուցչուհին է››,- ասաց Ամալյան:
 

Ամալյան մանկուց երազել է գրող դառնալ, դպրոցում սովորել է հայոց լեզու, անգլերեն, համաշխարհային պատմություն, մշակույթ,ստացել գրական բազմաթիվ մրցանակներ: 2010թ.-ին համացանցի միջոցով իմացել էր Հայկական վիրտուալ համալսարանի մասին եւ որոշեց հայոց պատմության բնագավառում գիտելիքները խորացնելու նպատակով ուսումը շարունակել հենց այստեղ:
 

‹‹Ինձ համար դժվար էր ամեն օր գնալ համալսարան, հաճախել դասերին: Այս պատճառով ՀՎՀ-ն ինձ համար լավագույն տարբերակն էր: Ես ընտրեցի հայոց պատմության դասընթացները, որովհետև այն շատ հոգեհարազատ է ինձ: Ես ցանկացա ծանոթանալ իմ հինավուրց ժողովրդի պատմության փառահեղ էջերին››,- ասում է Ամալյան:
 

Ըստ Ամալյայի` ՀՎՀ-ն ուսանողներին տալիս է շատ լավ կրթություն ստանալու հնարավորություն: ‹‹Ծրագիրն այնքան հագեցած է, որ ես անհամբերությամբ սպասում եմ հաջորդ ուսումնական շրջանին››,- ասում է նա: Ամալյայի ուսուցիչն ասում է, որ նա միշտ հաճույքով և պատրաստակամությամբ է կատարում իր տնային առաջադրանքները և նշում, որ օնլայն բազմաթիվ հետաքրքրական քննարկումներ են ունենում:
 

‹‹Ավարտելուց հետո ես ցանկանում եմ ՀՎՀ-ում ստացած իմ կրեդիտները տեղափոխել արտերկրի ուսումնական մի հաստատություն և կրթությունս այնտեղ շարունակել: Լավ կլիներ, որ ապագայում ավելի շատ ուսանողներ օգտվեին ՀՎՀ-ի ընձեռած հնարավորություններից››,-ասում է Ամալյան:


Հեղինակ` Հարութ Էկմանյան