Հիշարժան փորձառություն ՀՎՀ-ի հայոց պատմության դասընթացի միջոցով
08/01/2022
Խուլիո Վերգարա Սալգադոն՝ ՀՎՀ-ի ուսանողը ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դել Վալլե ավագ դպրոցից, բոլորովին վերջերս ավարտեց ՀՎՀ-ի հայոց պատմության դասընթացը և պարգևատրվեց դիպլոմով։
«Պատմությունն իմ կիրքն է, միշտ հաճելի և հետաքրքիր է ծանոթանալ այլ երկրների մշակույթին։ Շատ ուրախ եմ, որ շատ բան սովորեցի հայ ժողովրդի և հայկական մշակույթի մասին»։
Հենց այն պահից, երբ Խուլիոյի դասախոսը ներկայացրեց դասընթացը, երիտասարդ ուսանողի մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ հայոց պատմության նկատմամբ:
«Ես հիացած եմ հայ ժողովրդի հերոսական պայքարով՝ մղված անկախության համար, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է յուրաքանչյուր երկրի համար։
Իմ օրինակով կարող եմ ասել, որ սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող ուսանողները հաճախ դժվարանում են առերես ուսուցման ժամանակ, ուստի առցանց դասընթացները հրաշալի հնարավորություն են։ Այդպես ավելի շատ ժամանակ եմ ունենում և սովորում եմ ինձ հարմար ռիթմով։ Ամեն բան հասանելի է շնորհիվ վիրտուալ կարգավորումների և հեռավար դասախոսի, ինչպիսին Անին է, ով պատրաստ էր օգնել մեզ դասընթացի ողջ ընթացքում։ Ես հաճույքով ավարտեցի դասընթացը և, միանշանակ, խորհուրդ կտամ ընկերներիս», - ասում է Խուլիոն։
«Խուլիոն իսկապես հետաքրքրված էր հայոց պատմությամբ և մեծ խանդավառությամբ ավարտեց ամբողջ դասընթացը ՝ հնագույն ժամանակներից մինչև նորագույն պատմություն», - փաստում է ՀՎՀ-ի հեռավար դասախոս Անի Դեկիրմենչյանը։
Դել Վալլե ավագ դպրոցի (Տեխաս, ԱՄՆ) ուսումնական ծրագրում 2021 թվականից ներառվել է ՀՎՀ-ի պատմության դասընթացը հիբրիդ կրթության ծրագրի միջոցով՝ որպես հիմք՝ հասկանալու Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ծագումնաբանությունը և դրանց գլոբալ ազդեցությունը: Դպրոցի 6 ուսանող արդեն ավարտել է ամբողջական դասընթացը և ստացել ՀՎՀ-ի դիպլոմ: