Ռաֆայել Չիվոտը ծնվել է Ֆրանսիայում, ներկայումս ապրում է Բելգիայում։ Նրա ընտանիքը սերում է Թուրքիայի Բուրսա շրջանից, մայրական կողմից ունի հայկական արմատներ։ Ռաֆայելին անձամբ հանդիպեցինք ՀՎՀ-ի գրասենյակում 2022 թվականի ամռանը։ Ի դեպ, նրա առաջին այցը չէր հայրենիք։
«Ես չորս անգամ եղել եմ Հայաստանում՝ որպես Հայաստանի ամերիկյան համալսարանում հիմնված ֆինանսական տեխնոլոգիաներ ստարտափ ծրագրի կամավոր, ինչպես նաև՝ զբոսաշրջիկ։ Ամենալավ հիշողությունս այն էր, երբ առաջին անգամ վայրէջք կատարեցի «Զվարթնոց» օդանավակայանում: Բոլոր ցուցանակների վրա հայերեն էր գրված, և հիշում եմ, անմիջապես զգացի, որ տանն եմ»,- ասում է նա։
Ռաֆայելը շատ սահմանափակ գիտելիքներ ուներ արևմտահայերենից։ Նա որոշեց ինքնուրույն սովորել արևմտահայերեն՝ ՀՎՀ-ի լեզվի դասընթացների միջոցով։
«Ես փնտրում էի հայերենի առցանց դասեր՝ ճկուն ուսումնական ծրագրով և գրաֆիկով, և գտա ՀՎՀ-ի կայքը։ Կարծիքները լավն էին, դասավանդման մեթոդը բավականին գրավիչ էր, քանի որ այն և՛ խիստ էր, և՛ ճկուն, ուստի ես որոշեցի դիմել: Եվ չեմ զղջացել:
«Ես սովորել եմ արևմտահայերենի յոթ դասընթացները՝ ֆրանսերեն լեզվով։ Ինձ համար շատ գրավիչ էր այն փաստը, որ դասերն առցանց էին՝ ուսուցչի հետ անհատական պարապմունքներ անցկացնելու հնարավորությամբ: Մինչ այժմ դասընթացների արդյունավետությունը գերազանցել է իմ սպասելիքները: Իմ հայերենի իմացությունը շատ է բարելավվել, և դասերի ընթացքում օգտագործվող նյութերի բազմազանությունը ուսումնառությունս շատ հաճելի է դարձրել: Ի վերջո, ընդհանուր միջավայրը շատ է օգնում»:
Ռաֆայելը ՀՎՀ-ի դասընթացները խորհուրդ է տալիս բոլորին, ովքեր ցանկանում են սովորել կամ բարելավել իրենց հայերենը: Ներկայումս նա մասնկացում է լեզվի առաջադեմ մակարդակի դասերին և հետաքրքրված է ՀՎՀ-ի հայոց պատմության դասընթացով: Մենք խոսեցինք նաև ՀՎՀ-ի նրա ամենավառ հիշողությունների մասին։
«Իմ այցելությունը ՀՎՀ-ի գրասենյակ անցած ամառ էր: Շատ հաճելի էր, որ անձամբ կարողացա հանդիպել ուսուցչուհուս»,- ասում է Ռաֆայելը:
«Ռաֆայելը շատ եռանդուն, հայրենասեր երիտասարդ է։ Նա խելացի և նվիրված ուսանող է։ Միշտ մեծ ոգևորությամբ է մասնակցում ՀՎՀ-ի կողմից կազմակերպվող առցանց դասերին և խմբային հանդիպումներին: Նա մեծ սեր ունի հայոց լեզվի և հայկական մշակույթի հանդեպ»,- ասում է նրա հեռավար ուսուցչուհի Զեփյուռ Խբլիկյանը։