login
Հայացք ներսից
Մարի Խաչիկյան. հույս, հավատ, սեր և վճռականություն 09/15/2013

Մարի Խաչիկյանը հետաքրքրասեր մի ուսանող է, ով նաև ակտիվ գործունեություն է ծավալում իր համայնքում: Մարին Ֆրանսիայի հարավում գտնվող Վալանս քաղաքից է, որը աչքի է ընկնում Ֆրանսիայի տարածքում համեմատաբար մեծաթիվ հայ բնակչությամբ: Մարին աշխատում է ապահովագրական ընկերությունում, երեկոյան սովորում է Հայկական վիրտուալ համալսարանում, իսկ հանգստյան օրերին զբաղվում է համայնքային գործերով:
 

Մարի Խաչիկյանը հայ հոր և ֆրանսիացի մոր զավակ է: Իր երկու եղբայրների` Գիյոմի և Մատիոյի հետ միասին մեծանալով ֆրանսիայում` նա հնարավորություն չի ունեցել հաճախել հայկական դպրոց, ինչպես նաև հաճախակի այցելել հայկական եկեղեցի: Իր արմատների մասին բոլոր տեղեկությունները նա ստանում էր նկարներից, Հայաստանի մասին գրքերից և ֆիլմերից, որոնք իր մայրը գնում էր իր համար: Այնուամենայնիվ հետաքրքրասեր փոքրիկը ինքնուրույն սովորեց հայոց այբուբենը շատ վաղ հասակում:
 

Ֆրանսիական ապրելակերպ վարելով` նա միշտ ցանկացել է խոսել հայերեն և այցելել Հայաստան: Նա միշտ հպարտացել է իր հայկական արմատներով, բայց երբեք հնարավորություն չի ունեցել ճանաչել հայկական մշակույթը:
Երբ արդեն բավականին մեծ էր, Մարին որոշեց կնքվել հայկական եկեղեցում, ինչն էլ շրջադարձային դարձավ իր համար: Ինչպես ինքն է ասում, այս փաստը խորհրդանշում է իր «հայկական» կյանքի սկիզբը:

 

Մյուս կարևոր շրջադարձը Մարիի կյանքում «Սփյուռք-Հայաստան կապ» կազմակերպության հայտնաբերումն էր: Վերջինիս մասին նա տեղեկացել էր մի հայ ընկերոջ շնորհիվ: Մարին սկսեց ակտիվ գործունեություն ծավալել` իր ժամանակի մեծ մասը նվիրաբերելով կազմակերպությանը: Նա կազմակերպում էր կոնֆերանսներ, ֆոտոցուցահանդեսներ, Հայաստան էր ուղարկում բարեգործական խմբեր:
 

Նա առաջին անգամ Հայաստան այցելեց 2008 թ.-ին, որից հետո առիթ ունեցավ ևս մի քանի անգամ լինել Հայաստանում: Նա խնդրեց իր ծնողներին, որպեսզի միասին ընտանիքով այցելեն Հայաստան և Արցախ 2011թ.-ին:
 

Երկար ժամանակ հայերենի ուսուցիչ գտնելու փնտրտուքների մեջ էր, երբ Փարիզի իր ընկերներից մեկը իրեն պատմեց Հայկական վիրտուալ համալսարանի մասին: Մարին անմիջապես մուտք գործեց կայք և գրանցվեց հայերենի դասընթացին: Հայերեն սովորելու իր վաղեմի երազանքը կարծես թե իրականություն էր դառնում: «Ինձ համար շատ կարևոր էր սովորել հայերեն, որովհետև այն հայկական ինքնության կարևորագույն խորհրդանիշն է»,- ասաց նա ՀՎՀ-ի կրթամշակութային ծրագրի շրջանակներում Էջմիածին` հայ հոգևոր կենտրոն, կատարած այցի ժամանակ, ինչը վիրտուալ համակուրսեցիներին նաև իրականում հանդիպելու շատ լավ հնարավորություն էր:
 

Այսպիսով, նա վերջապես գտավ հայերեն սովորելու իր ուղին: «Ես հայերենի իմ առաջին դասընթացին գրանցվեցի 2010 թվականի սեպտեմբերին և մեծ ոգևորությամբ սկսեցի շատ արագ սովորել»,- ասաց նա:
 

Նա սովորեց ավելի քան 500 բառ, ինչի օգնությամբ էլ շատ կարճ ժամանակահատվածում արդեն կարողանում էր կազմել ամենից կարևոր արտահայտությունները և նախադասություննեը: Ուսուցիչները բարձր գնահատեցին հայերեն սովորելու իր մեծ կամքն ու վճռականությունը: «Ես չեմ կրթվել հայկական մշակույթի մեջ և նույնիսկ հայկական արտաքին չունեմ, բայց հայոց լեզուն սովորելը կլինի իմ արմատներին մերձենալու իմ ուղին»,-ասաց նա:
 

Մարին հավատարիմ է իր սկզբունքներին, հավատում է, որ միշտ կարող է գտնել ճանապարհ իր նպատակներին հասնելու համար, սիրում և գնահատում է իր մշակույթն ու արմատները, ինչն էլ, ի վերջո, նրան ուժ և վճռականություն է տալիս հաղթահարելու բոլոր արգելքներն ու դժվարությունները: Հայկական վիրտուալ համալսարանը իրեն տվեց հայկական մշակույթին մոտ լինելու, ինչպես նաև հայոց լեզուն սովորելու այդ մեծ հնարավորությունը:
 

Էջմիածին կատարած այցը տեսնելու համար սեղմեք այստեղ
 

Հարութ Եկմանյան