ՀԲԸՄ ՀՎՀ Եգիպտոսի մասնաճյուղը հիմնադրվել է 2013 թ․ և դարձել համայնքային առաջին կենտրոններից մեկը, որն ընդունել է ՀՎՀ հիբրիդ կրթական մեթոդը:
Եգիպտոսում ՀՎՀ դեսպան և ներկայումս ՀԲԸՄ ՀՎՀ Եգիպտոսի մասնաճյուղի ավագ խորհրդական տիկ. Աննա Դոլաբջյանը Հայկական վիրտուալ համալսարանի մասին առաջին անգամ իմացել է 2006 թ. ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանի՝ եգիպտահայ համայնքին նվիրված շնորհանդեսի ժամանակ:
«Ամեն ինչ սկսվեց 2013 թվականին։ Ես Հայաստան էի այցելել դստերս հետ, ով ավարտել էր ՀՎՀ-ի հայոց լեզվի բոլոր դասընթացները և եկել էր՝ վկայականը ստանալու։ Սա հիանալի հնարավորություն էր՝ բացահայտելու Հայկական վիրտուալ համալսարանը և այն հետագայում նաև Եգիպտոս բերելու»։
ՀԲԸՄ Եգիպտոսի ատենապետ պրն. Պերճ Թերզյանի և համայնքի այլ նվիրյալ անդամների հետ որոշեցին հիմնել ՀՎՀ հիբրիդ դպրոց Եգիպտոսում: 2013 թ․ սեպտեմբերին ՀԲԸՄ ՀՎՀ Եգիպտոսի մասնաճյուղը սկսեց պաշտոնապես գործել ՀԲԸՄ Կահիրեի և ՀԲԸՄ Եգիպտոսի հովանու ներքո:
Հետևելով տեղի ուսուցիչների վերապատրաստմանը և հավաստագրմանը, ինչպես նաև ՀՎՀ հիբրիդ կրթության վարչության հետ համակարգված նախապատրաստական աշխատանքներին 2014թ. սեպտեմբերին ՀԲԸՄ ՀՎՀ Եգիպտոսի մասնաճյուղի շախմատի դասընթացն ընդունեց իր առաջին ուսանողներին: Դասընթացներին մասնակցեցին տարբեր տարիքի ուսանողներ՝ 11-ից մինչև 65 տարեկան։
ՀՎՀ հիբրիդ մեթոդի նպատակն էր առցանց և ավանդական ուսուցման միաձուլումը՝ ուսանողներին ապահովելով ազատ ժամանակացույցով։ «Ազատ և ճկուն լինելը շատ կարևոր է Սփյուռքի համայնքի համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայկական վիրտուալ համալսարանին, որ մենք ունենք ազատ ժամանակացույց ունենալու հնարավորություն»,-նշեց տիկ. Աննա Դոլաբջյանը:
Շախմատի դասընթացի հաջող ընթացքից ոգեշնչվելով՝ 2016 թ․փետրվարին հիբրիդ դպրոցը որոշեց մեկնարկել Հայոց լեզվի ծրագիրը։
2023 թ․ ՀԲԸՄ ՀՎՀ Եգիպտոսի մասնաճյուղը և ՀԲԸՄ ՀՎՀ-ն նշեցին եգիպտահայ համայնքին նվիրած համատեղ աշխատանքի տասներորդ տարելիցը։ Տարիների ընթացքում գրանցել են բազմաթիվ հաջողություններ, նվաճել բարձունքներ և ունեցել ավելի քան 160 ուսանողներ։
ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի ատենապետ դոկտ. Ջորջ Սիմոնյանն ասում է․ «Մենք այսօր շատ ուրախ ենք, որ տոնում ենք Եգիպտոսում Հայկական բարեգործական ընդհանուր միության ՀՎՀ-ի (AVC) ծրագրի գործունեության 10-ամյակը: Եգիպտահայ համայնքը շատ հին և հարուստ պատմություն ունի և շատ կարևոր դեր է խաղացել Եգիպտոսի պատմության մեջ։ 1800-ական թվականները համայնքի ամենալավ ժամանակաշրջանն էր, ունեցել ենք Եգիպտոսի առաջին հայ վարչապետը՝ Նուբար փաշան։ Հպարտ ենք նաև, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հիմնվել է Կահիրեում, 1906-ին, Պողոս Նուբարի և Երվանդ Աղաթոնի կողմից»։
Այսօր ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղը շարունակում է իր բեղուն գործունեությունը՝ օգնության ձեռք մեկնելով ուսանողներին, մեծահասակներին և ընտանիքներին: Ավելին, աջակցում է կրթական և մշակութային տարբեր ծրագրերի իրականացմանը, ինչպես՝ ՀԲԸՄ ՀՎՀ Եգիպտոսի ծրագրի իրագործմանը:
«ՀՎՀ հիբրիդ ծրագրի շնորհիվ մենք համագործակցեցինք տարբեր երկրների ավելի քան 65 դպրոցների հետ», - ասաց ՀԲԸՄ ՀՎՀ Համագործակցության և գործառնական հարցերով ղեկավար Արփինե Թավաքալյանը: «Միմյանց հետ հաղորդակցությունը մեծ մասամբ հեռավար է,այնուամենայնիվ մենք սերտ կապեր ենք ստեղծում մեր գործընկերների հետ՝ ունենալով ընդհանուր առաքելություն: ՀԲԸՄ ՀՎՀ Եգիպտոսի մասնաճյուղի հետ մեր համագործակցությունն արդյունավետ է տեղի թիմի և համայնքի անդամների նվիրվածության և գերազանց աշխատանքի շնորհիվ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տասնամյա համագործակցության մեջ յուրաքանչյուրի բացառիկ ներդրման համար»,- հավելեց տիկ. Թավաքալյանը:
Այս արդյունավետ համագործակցությունը կյանքի կոչվեց ՀԲԸՄ Եգիպտոսի պատվո ատենապետ պրն. Պերճ Թերզյանի, լուսահոգի Օնիկ Բելեքդանյանի (ՀԲԸՄ Եգիպտոսի ատենապետ և ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղի փոխատենապետ) և հատկապես լուսահոգի դոկտ․ Վիգեն Ճիզմեջյանի (ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի նախագահ և ՀԲԸՄ Եգիպտոսի փոխատենապետ) հանձնառության և կայուն ջանքերի շնորհիվ։ Նրանց առաջնորդությունն ու անխոնջ աշխատանքը վճռորոշ նշանակություն ունեցան ՀԲԸՄ ՀՎՀ Եգիպտոսի մասնաճյուղի հաջողության համար: