Նազարեթ Սեֆերյանը հայրենադարձ հայ է, որն ապրում է Երևանում: Նա ծնվել է Կանադայում` լիբանանահայ ընտանիքում: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Հնդկաստան, որտեղ էլ մեծացել է իր երկու եղբայրների հետ: 1998 թվականին, միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Նազարեթը գալիս է Հայաստան Երևանի պետական բժշկական համալսարանում կրթություն ստանալու նպատակով (ԵՊԲՀ): Այնուհետև Հայաստանի Ամերիկյան համալսարանում նա մասնագիտանում է հասարակական առողջության ոլորտում` միևնույն ժամանակ մասնակցելով Քեմբրիջի համալսարանի կայուն առաջնորդության վերաբերյալ հեռավար կրթության դասընթացներին:
Nazareth Seferian Սեֆերյանների ընտանիքում միշտ հայերեն են խոսել: «Երբ տեղափոխվեցի Հայաստան, հայերենի իմ իմացությունը զգալիորեն բարելավվեց, և ես նաև սովորեցի ռուսերեն: Բայց Հայաստանում ապրելու տարիներին ինձ շատ քիչ հնարավորություն է ընձեռվել ստանալ մասնագիտական գիտելիքներ Հայաստանի պատմության վերաբերյալ»,- ասաց Նազարեթը:
Երևանի պետական բժշկական համալսարանում հայոց լեզվի մի քանի դասընթաց է անցել, իսկ պատմության դասընթաց` երբեք: Նա այնպիսի զգացողություն ուներ, որ ինչ-որ բան լիարժեք չէ, քանի որ նա շատ բան չգիտեր իր երկրի հայ մեծանունների և իր հայրենիքի պատմության կարևոր իրադարձությունների մասին: Երբ Հայկական վիրտուալ համալսարանում հայոց պատմություն սովորելու հնարավորություն ընձեռվեց, նա մեծ ուրախությամբ գրանցվեց և միառժամանակ երկու դասընթացի մասնակցեց: ՀՎՀ լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներից Նազարեթը ընտրեց հին շրջանի հայոց պատմությունը. շրջան, որի մասին նա շատ քիչ բան գիտեր: Ընտրությունը նաև պայմանավորված էր ընդհանրապես պատմության նկատմամբ ունեցած իր մեծ հետաքրքրությամբ:
«ՀՎՀ-ի պատմության դասընթացները ինձ հնարավորություն տվեցին լավ ճանաչել հայոց պատմությունը, և հիմա ես ինձ շատ ավելի վստահ եմ զգում հայոց պատմության վերաբերյալ զրույց-քննարկումներին մասնակցելիս,- ասաց Նազարեթը: Համեմատական զուգահեռներ տանելով անցյալում և այսօր տեղի ունեցող իրադարձությունների միջև` ես ապշում եմ. պատմությունն ամբողջությամբ կրկնվում է: Ես հպարտություն եմ զգում` ապրելով ազատ, անկախ Հայաստանի հանրապետությունում: ՀՎՀ-ի դասընթացներն ինձ ներշնչեցին նաև ինքնուրույն ուսումնասիրություններ անել իմ երկրի պատմության մասին շատ ավելի լավ տեղեկացված լինելու համար»,-ավելացրեց նա:
Նազարեթը հավաստում է, որ ՀՎՀ-ի դասընթացները իրեն հնարավորություն տվեցին լիարժեքորեն հասկանալ Հայաստանի պատմության կարևորագույն իրադարձությունները: Նա նաև վստահ է, որ հետագա դասընթացները կհարստացնեն հայ գրականության ոլորտի իր գիտելիքները: Նազարեթը հավատում է, որ ՀՎՀ-ն կարող է մի հզոր զենք լինել սփյուռքի հայերի, հատկապես երիտասարդների ձեռքերում` նրանց օգնելով ավելի լավ ճանաչել իրենց հայրենիքի պատմությունն ու մշակույթը: Այս մեծ հավատի շնորհիվ է, որ Նազարեթը սփյուռքի իր ընկերներին խորհուրդ է տվել մասնակցել ՀՎՀ դասընթացներին:
Նազարեթի դրական փորձը լավագույն օրինակն է սփյուռքի և Հայաստանի հայերի համար հարստացնելու հայոց պատմության, սեփական ինքնության և մշակույթի վերաբերյալ ունեցած գիտելիքները: «Ես կարծում եմ, որ ՀՎՀ-ն ինձ օգնում է դառնալ իսկական հայ` տալով ինձ օգտակար գիտելիքներ, քանի որ ես ապրում և աշխատում եմ Հայաստանում»,-ասաց նա:
Հարութ Եկմանյան