login
Հայացք ներսից
Թոփալյան դպրոցի աշակերտները պատմում են ՀՎՀ-ում իրենց փորձառության մասին 10/10/2022

Դեռևս 2019 թվականին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի և Ժնևի Թոփալյան դպրոցի միջև հաստատված համագործակցության շնորհիվ հայկական առցանց կրթությունը հասանելի դարձավ դպրոցի աշակերտների համար հիբրիդ կրթության ծրագրի շրջանակում։

 

Երկարամյա արդյունավետ համագործակցության համար հատկանշական դարձավ 2022 թվականը։ 10-ամյա աշակերտներ Ալեք Էնկսեզյանը և Ցոլակ Տիոստատո դե Գասոն արդեն Թոփալյան դպրոցի շրջանավարտներեն: Նրանք նաև հաջողությամբ ավարտեցին ՀՎՀ-ի արևմտահայերենի դասընթացի առաջին մակարդակը։ Հունիսի 8-ին տեղի ունեցավ դպրոցի տարեմուտի հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Ալեքը և Ցոլակը ստացան վկայականներ Թոփալյան դպրոցի և ՀԲԸՄ ՀՎՀ-ի կողմից։

 

«Յոթը տարի է ինչ հաճույքով Թոփալյան դպրոց եմ գալիս։ Այսօր շնորհակալություն եմ հայտնում դպրոցին և Հայկական վիրտուալ համալսարանին, քանի որ այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել հայ ընկերներ և սովորել եմ հայոց այբուբենը, կարդալ, գրել և երգել»,-ասում է Ցոլակը։

 

«Ես նույնպես սիրով եմ եկել դպրոց, իսկ ՀՎՀ-ի դասընթացի շնորհիվ ծանոթացել եմ հայոց լեզվին և մշակույթին, ինչի համար շնորհակալ եմ շատ», - դասընկերոջ խոսքին հավելեց Ալեքը։

 

Թոփալյան դպրոցի ուսուցչուհի Մարալ Վուրիի խոսքով երկուսն էլ աշխատասեր են և արդեն լավ խոսում են հայերեն։ Հայերենի դասընթացները  կազմակերպվել են դպրոցի ուսուցչուհու և ՀՎՀ-ի արևմտահայերենի հարցերի համակարգող, հեռավար դասախոս Զեփյուռ Խբլիկյանի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ։ Այս ընթացքում մուլտիմեդիա դասերին զուգահեռ կազմակերպվել են հետաքրքիր մշակութային առցանց միջոցառումներ՝ նվիրված Ամանորի, Բարեկենդանի և Սուրբ Զատկի ավանդույթներին, Հայաստանի անկախության և Թարգմանչաց տոներին, Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի հիշատակի օրվան և այլն։

 

Երբ Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով ՀՎՀ-ն համախմբեց աշխարհի տարբեր երկրներից իր հիբրիդ կրթության ծրագրին միացած դպրոցներին, Թոփալյան դպրոցը նույնպես միացավ նախագծին։ Աշակերտները ստեղծեցին նկարներ՝ ոգեշնչված Վահան Թեքեյանի «Տաղ հայերեն լեզվին» բանաստեղծությունից։ Դիտել տեսանյութը:

 

Թոփալյան դպրոցը հիմնադրվել է 1994 թվականին մեծ հայրենասեր և բարերար Հակոբ Թոփալյանի ջանքերով, ում հիմնական նպատակը սփյուռքում հայկական մշակույթի և ազգային ինքնության պահպանումն էր: