login
Հոդվածներ
Երևանի և Գյումրիի աշակերտները ՀՎՀ-ի օգնությամբ սովորում են Արհեստական բանականության հիմունքները 12/29/2022

Երևանի՝ Լեոյի անվան թիվ 65 դպրոցի 10-12-րդ դասարանների մի խումբ աշակերտներ 2022 թվականի դեկտեմբերին ներգրավվեցին ՀՎՀ—ի՝ արհեստական բանականության (AI) առցանց դասընթացի ուսուցմանը։ Դասընթացն ունի նաև հիբրիդային ռեժիմ, ինչպես նաև համատեղում է առցանց և ավանդական կրթության առավելությունները՝ ուսանողներին ապահովելով ճկուն և հարմարավետ գրաֆիկով։

 

Չնայած դասընթացներն առցանց են, այս անգամ առցանց ուսուցիչ Մհեր Երզնկյանը հնարավորություն ունեցավ ներկա գտնվել դասարանում և դասղեկ Մերի Սիմոնյանի հետ աջակցել աշակերտներին՝ տրամադրելով լրացուցիչ ուղղորդումներ։ Նրանց հնարավորություն ընձեռվեց պատասխանել աշակերտների հարցերին և օգնել նրանց կատարել տարբեր տեսակի առաջադրանքներ՝ ներգրավելով յուրաքանչյուրին և ապահովելով ինտերակտիվ միջավայր։

 

«Այսօր կարևոր է լինել ոչ միայն արհեստական բանականության օգտատեր, այլ նաև ստեղծող, ինչի համար էլ անհրաժեշտ է կրթություն։ Մեր առաքելությունն է ուսուցումը սկսել շատ փոքր՝ ավագ դպրոցականի տարիքից», - նշել է ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը։

 

AI դասընթացի նպատակն է աշակերտներին զինել AI-ի հիմնական գաղափարների և կիրառելիության համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Այն հնարավորություն է ընձեռում աշակերտներին ավելի խորանալ AI ոլորտում՝ նրանց պատրաստելով աշխատանքային գալիք հնարավորություններին։

 

Հիբրիդային ռեժիմը, ներառյալ ուսուցիչների մասնագիտական փորձը և տարբեր կազմակերպությունների աջակցություն աշակերտներին տրամադրում են ուսուցման յուրահատուկ և հարուստ փորձ։

 

AI առցանց դասընթացը ստեղծվել է տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի, հայկական «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» (ՏՀՏԳՄ), Սինոփսիս հիմնադրամի, Սինոփսիս Արմենիայի (կրթական բաժնի) և ՀԲԸՄ ՀՎՀ-ի համատեղ ջանքերով։ Այն նախատեսված է Հայաստանի և Արցախի ավագ դպրոցների համար։ Ներկայումս Գյումրիի 40 աշակերտներից բաղկացած խումբը դասընթացին նույնպես մասնակցում է ՀՎՀ առցանց ուսուցման հարթակի միջոցով։ Արցախի ավագ դպրոցի աշակերտների ավարտական արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին, որի ընթացքում մասնակիցներին տրվել են վկայականներ՝ դասընթացի առաջին մակարդակը հաջողությամբ ավարտելու համար։