2020 թվականից ի վեր շախմատի համահայկական ճամբարը և մրցաշարը խոշոր և սպասված միջոցառում է ամբողջ աշխարհից ժամանած շախմատասերների համար: Մրցաշարերի, խաղերի, վարպետության դասերի, շախմատի չեմպիոնների հետ հանդիպումների և այլ հետաքրքիր միջոցառումների շրջանակում մեկտեղ են հավաքվում ընդհանուր հետաքրքրություններ ունեցող հայերը, ինչպես նաև խթանվում է շախմատային կրթությունը:
Շախմատի համահայկական ճամբարը և մրցաշարը նախաձեռնվել է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից: Տարիների ընթացքում մրցաշարն ունեցել է մասնակիցներ ավելի քան 30 երկրներից և գրավել բազմաթիվ երիտասարդ շախմատասերների ուշադրությունը։
ՀԲԸՄ ՀՎՀ-ն տրամադրում է նաև հարթակ՝ շախմատի համահայկական համայնք, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարբեր նյութեր, դիտել նախորդ խաղերն ու մրցաշարերը, տեղեկանալ առաջիկա իրադարձությունների մասին և հաղորդակցվել այլ մասնակիցների հետ:
«Երկու տարի առաջ՝ համավարակի ընթացքում, մենք նախաձեռնեցինք այս մրցաշարը՝ մարդկանց համախմբելու և միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տալու համար։ Այժմ մենք ունենք շախմատի առցանց համայնք, որում ներգրավված են ավելի քան 1200 շախմատասերներ», - նշում է ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ դոկտ․ Երվանդ Զորյանը:
1985-2000 թթ․շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը շախմատի համահայկական 3-րդ ճամբարի և մրցաշարի փակման ելույթում ընգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը. «Շատ ուրախ եմ, որ այս մրցաշարին մասնակցում են մեծ թվով շախմատասեր հայ պատանիներ։ Մեր ազգն իր երկարամյա դժվարին պատմության ընթացքում միշտ պայքարել և գոյատևել է իր մտավոր արժեքների շնորհիվ։ Կարծում եմ, որ ինտելեկտուալ այս մրցաշարին մասնակցությունը շատ կարևոր է։ Այն փաստում է, որ ոչինչ չի կարող կանգնեցնել հայ ժողովրդին իր արժեքները զարգացնելու և առաջ շարժվելու ճանապարհին»։
Անցած երեք մրցաշարերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել շախմատի՝ Հայաստանի կանանց առաջնության քառակի չեմպիոն Մարիա Գևորգյանին, Հայաստանի 2020 թվականի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանին, գրոսմայստերներ Աննա Սարգսյանին, Տիգրան Հարությունյանին։
Ամեն տարի խմբերը մասնակցում են տարածաշրջանային կիսաեզրափակիչ խաղերին, որից հետո մրցում են երեք հաղթող հորիզոնականների համար:
Ուսումնական ճամբարի և մրցաշարի ավարտից հետո կազմակերպվում է փակման շքեղ արարողություն՝ մասնակիցներին խրախուսելու և հաղթողներին հավաստագրեր և հատուկ նվերներ շնորհելու համար:
Եվրոպայի՝ շախմատի համահայկական 2-րդ ճամբարի և մրցաշարի կիսաեզրափակչի հաղթող Դիմիտրոս Լևոնի Զաքարյանը՝ Միացյալ Թագավորությունից, կիսվել է 2021 թվականի իր փորձով. «Ուրախ եմ, որ կարող եմ խաղալ հայ շախմատիստների հետ աշխարհի տարբեր երկրներում»:
Շախմատի համահայկական 3-րդ ճամբարի և մրցաշարի փակման արարողության ժամանակ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, ՖԻԴԵ-ի՝ «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովի նախագահ Սմբատ Լպուտյանն ասել է. «Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայկական վիրտուալ համալսարանին այս հետաքրքիր և կարևոր մրցաշարը կազմակերպելու համար։ Մեր համագործակցությունը ՀՎՀ-ի հետ միշտ շատ արդյունավետ է»։
Առաջիկա միջոցառումների մասին թարմացումները, նախորդ մրցաշարերի տեսաձայնագրությունները, շախմատային խաղերը բաց չթողնելու համար այցելե՛ք ՀԲԸՄ ՀՎՀ շախմատի համահայկական համայնքի հարթակ: Միացե՛ք մեզ հետևյալ հղումով․
Այս տարի՝ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 20-ը կազմակերպվում է շախմատի համահայկական 4-րդ ճամբարը և մրցաշարը՝ նոր հյուրերով և միջոցառումներով։ Գրանցումը բաց կլինի սեպտեմբերի 23-ից։