Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրից մի քանի օր անց՝ ապրիլի 29-ին, ՀԲԸՄ ՀՎՀ-ն աշխարհի տարբեր հատվածներից համախմբեց Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին՝ «Վերապրումի իմ պատմությունը » խորագրով միջոցառման շրջանակներում՝ կիսվելու իրենց ընտանիքների հույսի և գոյատևման չպատմված պատմություններով։
Միջոցառման ընթացքում ՀԲԸՄ ՀՎՀ ուսանողներ Մարջորի Կ․ Նանյանը (ԱՄՆ), Կարինե Արմեն Քուրքջյանը (ԱՄՆ), Արմինե Սամարկոն (Կանադա), Նաիրա Հրայրյանը (ՀՀ) և Ֆլորենսիա Դեմիրճյանը (Արգենտինա) պատմեցին 20-րդ դարի սկզբի դաժան ջարդերին ականատես եղած իրենց տատիկների և պապիկների կյանքի հուզիչ պատմությունները։
ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը և ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար ավագ դասախոս Անի Դեկիրմենչյանը նույնպես պատմեցին իրենց նախնիների մասին, իսկ պատմություններն ավելի տպավորիչ դարձնելու համար ներկայացրեցին ընտանեկան նկարներ և տեսաֆիլմեր։ Միջոցառումը վարում էր ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կրթական թիմի ղեկավար Մարինե Խաչատուրյանը Անի Դեկիրմենչյանի հետ միասին։
Դոկտ․ Երվանդ Զորյանը, խոսելով ՀԲԸՄ ՀՎՀ-ի դերի մասին՝ որպես համայնք և որպես ընտանիք, իր ողջույնի խոսքում նշեց․ «Մենք այստեղ ենք՝ խոսելու մեր սեփական ընտանիքների մասին հենց այստեղ՝ ՀՎՀ-ի ընտանիքում։ Այստեղ ենք՝ խոսելու մեր զոհերի, մեր նախնիների, ինչպես նաև մեր մասին՝ որպես փրկվածների ժառանգներ, խոսելու այն տոկունության մասին, որն այսօր ունենք և որից էլ դասեր ենք քաղում»։
Իրենց պատմությունները պատմելու ընթացքում խոսնակները ներկայացրեցին ընտանեկան նկարներ, արխիվային փաստաթղթեր, ինչպես նաև տեսաֆիլմեր իրենց նախնիների մասին։
Միջոցառման ավարտին մասնակիցներից մեկը՝ Խուան Կեչկյանը, արտահայտեց իր կարծիքը․ «Ես պարզապես ուզում եմ շեշտը դնել այն հիանալի և զարմանալի աշխատանքի վրա, որն անում է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը հայ մշակույթին աջակցելու համար։ Ես ինքս ուսանում եմ ՀՎՀ-ում։ Հայերեն սովորել եմ Արգենտինայում՝ տարրական դպրոցում։ Հիմա, երբ ավելի շատ ժամանակ ունեմ, նորից եմ սովորում այն։ Հայ մշակույթը պահպանելը իսկապես մեծ աշխատանք է, որն էլ ամենակարևոր բանն է, որ մենք՝ ցեղասպանությունից փրկվածներս, կարող ենք անել»։
Հնարավորություն ընձեռելով կիսվել անձնական պատմություններով այլոց հետ՝ «Վերապրումի իմ պատմությունը»խորագրով միջոցառումն նախաձեռնվեց որպես ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի առաքելության մի մաս՝ համախմբելու ուսանողներին աշխարհի տարբեր հատվածներից , այս դեպքում ազգի հավաքական հուշերը պահպանելու, նրա ուժն ու տոկունությունը, ինչպես նաև վճռականությունն ու կարողությունն ընդգծելու հարցի շուրջ՝ հաղթահարելու ճգնաժամային պահերը։
Միջոցառման մասնակիցների անհատական պատմություններին և նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։