login
Հոդվածներ
Միջազգային գործընկերություն․ Հայկական վիրտուալ համալսարանի դասընթացները Արգենտինայի համալսարաններում 04/06/2022

Արգենտինայի Ռոսարիոյի ազգային համալսարանի (ՌԱՀ) արվեստի և մշակույթի բաժնի շուրջ 30 ուսանողներն ավարտեցին 2021 թվականի ուս․ շրջանը և սկսեցին ՀՎՀ-ի հայոց լեզվի դասընթացի երկրորդ մակարդակը:


Ուսանողների առաջարկով ՀՎՀ-ի հեռավար դասախոս Գոհար Գևորգյանը նրանց համար իսպաներեն լեզվով վիրտուալ շրջայց կազմակերպեց Հայաստանի պատմության թանգարանում: «Այնքան ուրախ ենք, որ մենք կարողացանք միասին շրջել թանգարանում, թեկուզ վիրտուալ»,- միջոցառման ավարտին ասաց ուսանողներից մեկը:


ՌԱՀ-ն դարձավ առաջին համալսարանը Լատինական Ամերիկայում, որն իր ուսումնական ծրագրում ներառեց ՀՎՀ-ի դասընթացները: 2021 թվականի մարտի 30-ին ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը և Արգենտինայի խոշորագույն համալսարաններից մեկի՝ ՌԱՀ-ի ռեկտոր Ֆրանկո Բարտոլաչին համագործակցության հուշագիր ստորագրեցին հայոց լեզվի դասընթացի մեկնարկի պաշտոնական առցանց արարողության ընթացքում։ Այս նորաստեղծ համագործակցությունը հնարավոր դարձավ համալսարանի հայկական ամբիոնի և Բուենոս Այրեսի ՀԲԸՄ մասնաճյուղի ատենապետ Ռուբեն Կեդիկյանի ջանքերի շնորհիվ:


«Ռոսարիոյի ազգային համալսարանի համար պատիվ և հպարտություն է այս համագործակցությունը։ Ուրախ ենք, որ հուշագրի միջոցով պաշտոնական հիմքի վրա ենք դնում մեր հաստատությունների միջև կապը»,- ասաց պրոֆեսոր Ֆրանկո Բարտոլաչին: Նա նշեց նաև, որ հուշագիրը մեծ նշանակություն ունի միջազգային կապերի և հարաբերությունների ընդլայնման առումով և կնպաստի հայ համայնքի մշակույթի տարածմանը և ինքնության ամրապնդմանը:


«Մենք ոգևորված ենք այս հնարավորությամբ, ՀԲԸՄ-ի և ՀՎՀ-ի ծրագրերի շրջանակներում ամեն ինչ կանենք, որպեսզի այս համագործակցությունն արդյունավետ լինի ձեր ուսանողների համար»,- ասաց դոկտոր Երվանդ Զորյանը: