Հայոց պատմության ուսուցումը Օստինի համաշխարհային գործերի խորհրդի ավագ դպրոցներում
08/05/2021
2021 թվականի աշնանը Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հայոց պատմության դասընթացը ներառվեց Օստինի համաշխարհային գործերի խորհրդի «Global Scholars Diploma» ծրագրի միջազգային 3 ավագ դպրոցներում։ Գվատեմալայի «SEK» միջազգային ավագ դպրոցի, Տեխասի «Del Valle» և Թայվանի «Chung-Hsing» համալսարանին կից ավագ դպրոցի աշակերտներն այսուհետ հայոց պատմություն կսովորեն ՀՎՀ-ի ծրագրով։ Ի դեպ, Գվատեմալայի «SEK» միջազգային ավագ դպրոցի աշակերտները մասնակցում են նաև ՀՎՀ-ի շախմատի առցանց դասընթացին։
ՀԲԸՄ ՀՎՀ-ի հետ այս համագործակցությունը նախաձեռնել է ՀՎՀ-ի շրջանավարտ և «Global Scholars Diploma» ծրագրի տնօրեն Մայք Քանինգհեմը: Նախաձեռնության նպատակը համաշխարհային տարբեր դպրոցներում հայոց պատմության դասավանդումն է և այս միջոցով աշակերտներին Հայաստանը ներկայացնելը։ «ՀԲԸՄ ՀՎՀ-ն 21-րդ դարի կրթության ուղենիշն է: Շատ սիրեցի ՀՎՀ-ի այս մոտեցումը, որպես ուսանող մասնակցեցի հայոց պատմության դասընթացին, հաջողությամբ ավարտեցի և ստացա ՀՎՀ-ի դիպլոմ։ Ցանկությունս մեծ էր ճանաչել ազգակիցներիս պատմությունը, իսկ հետո հասկացա, որ պետք է համաշխարհային այլ դպրոցներին ևս քաջալերեմ, որպեսզի օգտվեն այս բացառիկ հնարավորությունից»,- նշում է Մայքը:
2021թ օգոստոսի 2-ին Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը և ՀՎՀ-ի անձնակազմը մասնակցեցին ծրագրի մեկնարկի առցանց հանդիպմանը: Ներկաները ծանոթացան ՀՎՀ-ի գործունեությանը, դասընթացներին, դասավանդման մեթոդաբանությանը և կրթական այլ հնարավորություններին։
«Del Valle» ավագ դպրոցի աշակերտ Խուլիո Վերգարան ասաց. «Ես սիրեցի դասընթացի ներկայացման այս մուլտիմեդիա ձևաչափը։ Իսկապես գնահատելի աշխատանք է։ Նկարներ և տեսանյութեր դիտելով՝ դասն ավելի լավ եմ հասկանում»:
Նշենք, որ 2022թ. հունվարին այլ ավագ դպրոցներ ևս կմիանան ծրագրին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։