login
Հոդվածներ
Ջավախքի հայ երիտասարդները բացահայտում են ՀՎՀ-ի օնլայն դասընթացները 01/15/2018

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հետ համատեղ, շարունակում է Վրաստանի Ջավախքի տարածաշրջանի հայ երիտասարդներին ներկայացնել օնլայն կրթության հնարավորությունները։

 

Հունվարի 11-ին ՀՎՀ-ի թիմը Երևանի գրասենյակում հյուրընկալեց Ջավախքի մանկական պարային խմբի անդամներին։ ՀԲԸՄ ՀՎՀ-ի գործառնական տնօրեն Գառնիկ Սևոյանը, հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը և արևմտահայերենի օնլայն ուսուցիչ Զեփյուռ Խբլիկյանը հյուրերին ներկայացրեցին ՀՎՀ-ի ծրագրերը, էլեկտրոնային գրքերը և առցանց կրթության գործիքները։ Թեև Ջավախքի հայերը տանը խոսում են հայերեն, Ջավախքի հայկական դպրոցներում լեզվի ուսուցման որակը մնում է անբավարար։ Լեզվի ոչ լիարժեք տիրապետումը սովորաբար ազդում է դպրոցն ավարտելուց հետո Հայաստանում ուսումը շարունակել ցանկացող աշակերտների ակադեմիական կատարողականության վրա։

 

«Առցանց դասընթացները ձեզ համար լավ հնարավորություն են` բարելավելու հայոց լեզվի ձեր իմացությունը։ Բաց մի թողեք այդ հնարավորությունը, որը հետագայում կարող է դառնալ ձեր հաջողության բանալին», - ասաց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Անի Պետրոսյանը` դիմելով երեխաներին։

 

Շախմատի առցանց դասընթացը հատուկ հետաքրքրություն առաջացրեց երեխաների մոտ։ Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում շախմատը չի դասավանդվում հանրակրթական դպրոցներում, և երեխաներից ոչ մեկը չգիտեր շախմատ խաղալ։ Նրանք հետաքրքրությամբ և ոգևորությամբ հետևում էին դասերի տեսողական և ինտերակտիվ էֆեկտներին։ Երիտասարդ պարողների ուշադրությունը գրավեց նաև հայ երաժշտության դասընթացը, որը հնարավորություն տվեց նրանց ծանոթանալ իրենց սիրելի ժողովրդական պարերի պատմությանը։

 

Սա «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Ջավախքի երիտասարդների երկրորդ այցն էր։ 2017 թվականի աշնանը ՀՎՀ-ն հյուրընկալել էր Ջավախքից մի խումբ համալսարանականների, դպրոցականների և հայ համայնքի անդամների։ Հիմնադրամը շարունակում է հետամուտ լինել ջավախահայության շրջանում ՀՎՀ-ի մասին իրազեկվածության բարձրացմանը` միասնական ջանքերով նպաստելով ազգային մշակույթի և ինքնության պահպանմանը։