Հայոց լեզվի անաղարտությունը և օնլայն կրթությունը
11/16/2017
2017 թվականի նոյեմբերի 16-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Հայոց լեզվի անաղարտությունը և օնլայն կրթությունը» խորագրով սեմինարը, որը կազմակերպել էր հայոց լեզվի պահպանության հարցերով զբաղվող «Մեսրոպյան Ուխտ» կազմակերպությունը:
Սեմինարի ընթացքում դոկտոր Հակոբ Այնթաբլյանը և պրոֆեսոր Արտեմ Սարգսյանը ներկայացրեցին իրենց նոր գիրքը՝ օտար բառերի հայերեն համարժեքների բառարանը, և խոսեցին հայոց լեզուն կենդանի պահելու կարևորության մասին: Դոկտոր Այնթաբլյանը շեշտադրեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի եզակի դերը հայերենի պահպանման գործում և ՀՎՀ-ն ներկայացրեց որպես հայոց լեզու սովորելու լավագույն հնարավորություն նոր սերնդի համար:
ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի և ՀՎՀ-ի հիբրիդ ծրագրի ուսուցչուհի Սևան Տեր-Պետրոսյանը հրավիրված էր այս սեմինարին՝ խոսելու ՀՎՀ-ի առաքելության և օնլայն կրթության առանձնահատկությունների մասին: Դպրոցը ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին մասնակցում է 2011 թվականից ի վեր, այսօր էլ Սևանի դասարանի 33 աշակերտները հայոց լեզու են սովորում՝ օգտվելով ավանդական և օնլայն կրթության առավելություններից:
Ներկաները բարձր գնահատեցին ՀՎՀ-ի գործունեությունը և ծրագրերը, առաջարկեցին Իրանում ապրող հայերի համարհայոց լեզու դասավանդել նաև պարսկերենով :