Արևմտահայերենի պահպանումը և զարգացումը
10/27/2017
Հոկտեմբերի 26-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած տեսակոնֆերանսին՝ նվիրված արևմտահայերենի պահպանմանը և զարգացմանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաստատեց, որ արևմտահայերենի պահպանման և հետագա զարգացման հարցն առաջնային է Հայաստանի կառավարության համար, իսկ հանդիպման նպատակը ներկա խնդիրների, առաջարկների և տեսակետների քննարկումն էր, վերջնարդյունքը՝ արևմտահայերենի զարգացման պետական ռազմավարության մշակումը:
Տեսակոնֆերանսին մասնակցեցին առաջատար գիտնականներ Գիտությունների ազգային ակադեմիայից, Մատենադարանից, Հայաստանի և սփյուռքի մի շարք համալսարաններից ու կազմակերպություններից: Նրանք քննարկեցին այն մարտահրավերները, որ վտանգում են լեզվի շարունակականությունն այս արագ փոփոխվող գլոբալ միջավայրում, և այն հնարավոր ուղիները, որոնք կօգնեն հաղթահարել դրանք:
Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունը, առցանց կրթության միջոցով արևմտահայերենի զարգացման հնարավորությունները: Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 23.000 ուսանող ունեցող համալսարանն ապացուցել է, որ ՀՎՀ-ն այսօր հայոց լեզու, պատմություն ու մշակույթ դասավանդող արդյունավետ և ժամանակակից ուղին է, սփյուռքում հայկական ինքնության պահպանման հզոր գործիքը:
«Մենք իրար ենք կապում հաղորդակցությունն ու բովանդակությունը և ստեղծում ենք համաշխարհային ցանց, որտեղ աշխարհասփյուռ հայերը կարող են հանդիպել իրար, կիսվել գաղափարներով և նախաձեռնել նոր ծրագրեր ու նախագծեր»,- շեշտեց դոկտոր Զորյանը: