login
Հոդվածներ
ՀԲԸՄ Լոնդոնի ամառային փորձառության ծրագրի մասնակիցների հանդիպումը ՀՎՀ հիմնադիր նախագահի հետ 07/24/2015

2015 թվականի հուլիսի 24-ին ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հանդիպեց ՀԲԸՄ Լոնդոնի ամառային փորձառության ծրագրի մասնակիցներին: Դոկտոր Զորյանը մասնակիցների հետ կիսվեց իր մասնագիտական փորձառությամբ և իրենց ներկայացրեց ՀՎՀ-ի առաքելությունն ու գործունեությունը, ինչպես նաև ՀԲԸՄ այլ ծրագրեր: Նա նաև խորհուրդներ տվեց երիտասարդ անդամներին իրենց հետագա մասնագիտական կարիերայի ուղիների ընտրության հարցում:

Ամառային փորձառության ծրագրի մասնակիցները եկել էին աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Լիբանանից և այլ երկրներից: Մասնակիցները ցանկություն հայտնեցին տեղեկանալու ՀՎՀ-ի առաջարկած նոր կրթական հեռանկարների մասին, որոնք կարող էին արդյունավետ ուսումնական ծրագրերի վերածվել իրենց երկրներում և համայնքներում:

Հանդիպման ձևաչափը բաց և անկեղծ քննարկման մթնոլորտ ստեղծեց: Դոկտոր Զորյանի պրեզենտացիան այնքան ոգեշնչող և տպավորիչ էր, որ մասնակիցները մեծ խանդավառությամբ պատրաստակամություն հայտնեցին նպաստելու ՀՎՀ-ի մասին տեղեկատվության տարածմանը իրենց համայնքներում ամառային փորձառության ծրագրի ավարտից հետո: Արգենտինայից Միքայելա Էկսերցյանը կիսվեց հանդիպման վերաբերյալ իր տպավորություններով. ‹‹Շատ լավ է, որ առիթ ունեցա ավելի շատ տեղեկություններ ստանալ ՀՎՀ-ի մասին, և ես մեծ սիրով կներգրավվեմ ՀՎՀ-ի աշխատանքների մեջ: Նաև Արգենտինա վերադառնալուն պես` կցանկանայի ՀՎՀ –ի մեկ դասընթացի գրանցվել››: Քննարկման բնույթը, ինչպես նաև Երվանդ Զորյանի տպավորիչ ելույթը ոգեշնչեցին բոլոր մասնակիցներին, և ավելի ուշ վերջիններս ասացին, որ դա ամենալավ հանդիպումներից մեկն է եղել, որ երբևէ մասնակցել են:

Հանդիպման ավարտին մասնակիցները հանդես եկան իրենց շնորհակալական խոսքերով և նշեցին, որ հանդիպումը ոչ միայն կրթական նշանակություն ուներ, այլ նաև չափազանց հաճելի էր: Մասնակիցները իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀՎՀ-ին և պատրաստակամություն ցուցաբերեցին աջակցել ՀՎՀ-ին ավելի շատ մարդկանց ներգրավելու հայկական կրթական ծրագրի մեջ, ինչը ՀՎՀ-ին ևս մեկ հնարավորություն կտա բարձրացնելու ՀՎՀ-ի վերաբերյալ իրազեկության մակարդակը աշխարհի տարբեր հայկական համայնքներում: