ՀՎՀ-ն Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին
09/19/2014
2014 թվականի սեպտեմբերի 19-20-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որին մասնակցեց նաև Հայկական վիրտուալ համալսարանը(ՀՎՀ): Համաժողովին մասնակցում էին Հայաստանի և սփյուռքի 1,000-ից ավել ներկայացուցիչներ, որոնց շարքում էին պետական, քաղաքական և մշակութային գործիչներ, ակադեմիկոսներ և լրագրողներ, գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը համաժողովին հանդես եկավ որպես հիմնական զեկուցող` ներկայացնելով ՀՎՀ-ի կարևորագույն դերը ‹‹Հայաստան- Սփյուռք համագործակցության ընթացիկ ծրագրերը և հեռանկարները›› խորագրով լիագումար նիստին: Դոկտոր Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ի որդեգրած առաքելությունն ու գործունեությունը այն խնդիրների համատեքստում, որոնք այսօր ծառացել են Սփյուռքի առջև: Նա ՀՎՀ-ն ներկայացնում է որպես ‹‹սփյուռքն ու Հայաստանը իրար կապող կամուրջ››, որը հնարավորություն է տալիս հայերին ավելի մոտ լինել իրենց մշակութային ժառանգությանը, պատմական անցյալին և ներկայիս մարտահրավերներին: Դոկտոր Երվանդ Զորյանը նշեց, որ ՀՎՀ-ի դասընթացները տրամադրվում են ոչ միայն կրթական նպատակով, այլ նաև ծառայում են որպես գործիք, որը հնարավորություն է տալիս ամրապնդել և զարգացնել Հայաստան- Սփյուռք համագործակցությունը, իրականացնել բազմաթիվ ծրագրեր հայկական համայնքների հետ և այլն: Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու ‹‹ՀՎՀ հեռուստադպրոց›› հեռուստատեսային նախագծին, որը իրականացվել է Հայկական վիրտուալ համալսարանի և ՀՀ Սփյուռքի նախարարության համատեղ ուժերով: Այս նախագիծը, որն ի սկզբանե եթեր էր հեռարձակվելու Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով, ևս մեկ հիանալի հնարավորություն էր հայրենիքից հեռու բնակվող սփյուռքահայերի համար սովորելու իրենց մայրենի լեզուն:
Նիստին զուգահեռ մի շարք տեղական և սփյուռքի կազմակերպություններ, ասոցիացիաներ, ԶԼՄ-ներ հնարավորություն ունեցան ներկա գտնվող հյուրերին և մասնակիցներին ներկայացնել իրենց գործունեությունը ‹‹ցուցահանդես բաց երկնքի տակ›› ձևաչափով: Հայկական վիրտուալ համալսարանը ներկա գտնվողներին ցուցադրեց ՀՎՀ-ի առաջարկած լեզվի, մշակույթի և պատմության դասընթացները, ինչպես նաև իր նոր մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի առաջին թողարկումը`‹‹Հայկական լեռնաշխարհ›› խորագրով:
Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը կարևոր քայլ էր բոլոր մասնակիցների, այդ թվում նաև` ՀՎՀ-ի համար նոր կապերի հաստատման, ամուր փոխհարաբերությունների կառուցման, ինչպես նաև ընդհանուր նպատակների իրագործմանը հետամուտ լինելու հարցում: