login
Հոդվածներ
ՀՎՀ հեռուստադպրոց 02/13/2015
«Աշխարհում մոտավորապես 10 միլիոն հայ կա և մեր գերնպատակն է նրանց բոլորին տեսնել հայերեն խոսելիս»,-ասաց ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Զորյանը հեռուստադպրոցի վերջին դասի նկարահանման ընթացքում: Հայոց լեզուն յուրաքանչյուր հայի մեջ սերմանելու գաղափարով է առաջնորդվում ՀՎՀ-ի թիմը համալսարանի հիմնադրման օրվանից մինչև այսօր...արդեն հինգ տարի: ՀՎՀ-ն փորձեց գտնել բոլոր հնարավոր միջոցներն աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող հային հասանելի դառնալու և նրանց մայրենի լեզվով խոսելու հնարավորություն տալու համար: Ահա ինչու ՀՀ Սփյուռքի նախարարության հեռուստադպրոց նախագիծը դարձավ նախարարության և ՀԲԸՄ ՀՎՀ-ի միջև երկարաժամկետ համագործակցության հիանալի առիթ: Միայն համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կդառնար ծրագրի մեկնարկը և հաջող ընթացքը: 2014 թվականը սկսվեց լարված և ծանր աշխատանքով. անհրաժեշտ էր գտնել ծրագրի իրականացման ճիշտ ձևաչափը: ՀԲԸՄ-ի և ՀՎՀ-ի թիմերը, ինչպես նաև Սփյուռքի նախարարության աշխատակիցներն ամբողջությամբ ներգրավված էին նախագծում և փորձում էին ստեղծել մի այնպիսի արտադրանք, որը կբավարարեր հեռուստալսարանի պահանջները և միևնույն ժամանակ կծառայեր որպես լեզու սովորելու արդյունավետ գործիք: Հեռուստադասարանի նյութի հիմքում ՀՎՀ օնլայն դասընթացներն էին, որոնք հարմարեցված էին հեռուստատեսային ձևաչափերին և հաշվի էր առնված հեռուստադասի սահմանափակ ժամանակը, ինչպես նաև թիրախ լսարանի կարիքները: Մոտավորապես կես տարի պահանջվեց բավականին արդիական հեռուստածրագիր ստեղծելու համար, որն իր ուսուցման մոտեցումներով շատ էր տարբերվում այլ հեռուստածրագրերից: Լեզվի ուսուցման մյուս հեռուստածրագրերի պես այս մեկը ևս ուներ հաղորդավար, որն ուղեկցում և օգնում էր հեռուստադիտողներին ամբողջ ծրագրի ընթացքում: Այդուհանդերձ, ուսանողները հնարավորություն ունեցան հավելյալ նյութերից օգտվել հեռարձակված ծրագրից դուրս: Նորարարական մոտեցման շնորհիվ կիրառվեցին ոչ միայն հեռուստատեսային, այլ նաև համացանցի և ՀՎՀ օնլայն ծրագրի կարողություններն ու միջոցները: «Ի տարբերություն հեռուստատեսության, որն ունի միակողմանի հաղորդակցություն, համացանցը երկկողմանի կապ է ստեղծում: Այս դեպքում հեռուստատեսությունն ապահովում է ծրագրի իրազեկման լայն շրջանակը, իսկ ՀՎՀ կայքում ստեղծված հեռուստադպրոց էջում երկխոսություն է սկսվում ուսանող-հեռուստադիտողների և ՀՎՀ օնլայն ուսուցիչների միջև»,- բացատրում է դոկտոր Զորյանը: Հեռսուստադպրոցն առավել գրավիչ և հետաքրքիր դարձնելու նպատակով դասերը հարստացվեցին նոր բեմադրված երկխոսություններով, որտեղ դերասանները հայոց լեզվի անմիջական կրողներն են և զրույցներ են վարում տարբեր իրավիճակներում: Այս կերպ դասերն ավելի կենդանի և բնական դարձան: ՀՎՀ կայքի ՀՎՀ հեռուստադպրոց էջում տեղադրված գլուխկոտրուկներն ու խաղերը հեռուստադիտողներին հնարավորություն տվեցին կիրառել ստացած գիտելիքները՝ օգտագործելով նոր սովորած տառերն ու բառերը, ակտիվ մասնակցելով և հաղթելով շաբաթական մրցույթներին: Երանուհի Կալոյանը, Հայկ Կադիյանը և Օկսանա Մատվեենկոն մրցույթների ամենից ակտիվ և հաջողակ մասնակիցներն էին: ՀՎՀ հեռուստադպրոցի առաջին փուլն ընդգրկեց հայոց լեզվի դասընթացի առաջին չորս մակարդակները, այնպես, ինչպես տրամադրված է ՀՎՀ կայքում՝ արևելահայերեն սկսնակների համար, տարրական արևելահայերեն, արևելահայերենի նախա-միջին մակարդակ և միջին մակարդակ: Քանի որ ծրագրի թիրախ խումբն անգլախոս լսարանն էր, հեռուստածրագրի լեզուն անգլերենն էր: Ծրագիրը ցուցադրվեց բավականին լայն ծածկույթ ունեցող Հանրային հեռուստաընկերության արբանյակային ալիքով: «Հանրային հեռուստաընկերության շնորհիվ ՀՎՀ հեռուստադպրոց էջն այցելուներ ունեցավ աշխարհի այնպիսի երկրներից, որ նախկինում չէինք ունեցել»,-ասում է դոկտոր Զորյանը: Ծրագրի հաջողությունները խոսում են վերջինիս արդյունավետության մասին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հավաստում է. «Մենք օգտագործեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների, այս դեպքում, օնլայն դասընթացների, և հեռուստատեսության ուժը, և արդյունքն ակնհայտ է: Տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցները սպասում են ծրագրին և միշտ դիտում են այն: Դասերի մատուցման այս ձևն արդյունավետ էր և միանշանակ ողջունվեց հեռուստադիտողների կողմից: Հայոց ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հայոց լեզուն սովորեցնենք սփյուռքի հայերի սերունդներին, քանի որ լեզուն հայրենիքից հեռու ապրողների ազգային ինքնության պահպանման մեծագույն արժեքն է»: Ծրագրի հաջողությունը և դրական կարծիքները ոգևորեցին հեռուստադպրոցի թիմին ընդլայնելու այն՝ ընդգրկելով դասընթացի բարձր մակարդակները և առավել մեծ լսարաններ: Ապագայում Հանրային հեռուստաընկերության արբանյակային ալիքի հեռուստադիտողները հնարավորություն կունենան սովորել նաև հայոց լեզվի բարձր մակարդակները: ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը ևս մեկ անգամ հավատարիմ մնաց իր առաքելությանը, այն է՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց տալ լիարժեք հայկական կրթություն ստանալու հնարավորություն՝ սկսելով հայոց լեզվից: