ՀՎՀ-ն իր մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերը ներկայացնում է Ժնևի գրքի և մամուլի միջազգային ցուցահանդես-վաճառքին
04/29/2017
ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի ճանաչողականությունն ընդլայնվեց նաև միջազգային գրքասերների շրջանում, երբ դրանք ներկայացվեցին Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած գրքի և մամուլի միջազգային տոնավաճառի ժամանակ 2017 թվականի ապրիլի 26-ից 30-ը։
Ժնևի գրքի և մամուլի միջազգային ցուցահանդես-վաճառքը մշակութային և կրթական ամենամեծ միջոցառումն է աշխարհում, որն ամեն տարի տեղի է ունենում Շվեյցարիայում` 1987 թվականից սկսած: Հրատարակիչները և գրքասերները հանդիպում են Ժնևի «ՊալԷքսպո» ցուցահանդեսային կենտրոնում՝ հաղորդելու գրքերի և տպագրության ոլորտի միջազգային վերջին նորություններն ու ձեռքբերումները: ՀԲԸՄ-ի Ժնևի «Երիտասարդ արհեստավարժներ» խմբի ղեկավար և Ժնևում ՀՎՀ-ի ներկայացուցիչ Ռուբինա Յակուբյան-Բալյոզյանի նվիրվածության ու ջանքերի շնորհիվ ՀՎՀ-ի նորարարական արտադրանքը նոր լսարանին ներկայացվեց այս կարևոր միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:
Միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարում ՀՎՀ-ն իր ցուցանակն ուներ:Այնտեղ ներկայացված էին հայոց պատմությանը, մշակույթին և արվեստին նվիրված բազմապիսի գրքեր, այդ թվում՝ ՀՎՀ-ի էլեկտրոնային գրքերը, որոնց միջոցով Հայաստանը նորովի է ներկայանում նոր սերնդի ընթերցողներին: Ռուբինա Յակուբյան-Բալյոզյանը հետաքրքրված այցելուներին ցուցադրեց էլեկտրոնային գրքերի բազմալեզու և մուլտիմեդիա հնարավորությունները, հարուստ բովանդակությունը:
Անշուշտ, Ժնևի գրքի և մամուլի միջազգային ցուցահանդես-վաճառքը դարձավ հերթական հաջողված իրադարձությունը, որն անպայմանորեն ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի միջոցով նպաստեց հայկական ժառանգության վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը: