ՀՎՀ վարպետության դասընթաց ‹‹Այբ›› ավագ դպրոցում
01/27/2015
2015թ. հունվարի 27-ին ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը դասախոսությամբ հանդես եկավ ‹‹Այբ›› ավագ դպրոցում: Վերջինս մասնավոր դպրոց է Երևանում, որ որդեգրել է ուսուցման արդի մեթոդների և տեխնոլոգիաների լավագույն ավանդույթները: Շուրջ 100 աշակերտներ մասնակցեցին միջոցառմանը, որի ընթացքում դոկտոր Զորյանը ներկայացրեց ՀՎՀ ծրագրերը և արտադրանքը` մասնավորապես շեշտադրելով էլ. գրքերի շարքը:
‹‹Նորագույն տեխնոլոգիաները և կրթությունը›› խորագիրը կրող միջոցառումը նպատակ ուներ վերհանել ՀՎՀ-ի նախաձեռնությունները, որոնք նպաստում են հայագիտական կրթության տարածմանն ամբողջ աշխարհում: Միջոցառումը սկսվեց ‹‹Այբ›› ավագ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի բացման խոսքով: Նա լսարանին ներկայացրեց դոկտոր Երվանդ Զորյանի կենսագրությունը, գործունեությունը և ՀՎՀ-ի հիմնադրման գործում ունեցած մեծ ներդրումը, այնուհետև ծանոթացրեց ՀՎՀ առաքելությանն ու հեռանկարներին:
Դոկտոր Երվանդ Զորյանն իր հերթին ներկայացրեց ՀՎՀ նպատակները և հիմնարար արժեքները: ‹‹Այբ›› դպրոցի աշակերտները ծանոթացան ՀՎՀ-ի տրամադրած ծրագրերին, դասավանդման նորարարական մեթոդներին և ՀՎՀ-ի կառուցած վիրտուալ հաղորդակցման հարթակին: Դոկտոր Զորյանը խոսեց նաև էլեկտրոնային գրքերի մասին`դրանք ներկայացնելով որպես Հայաստանի մասին պատկերացում կազմելու ժամանակակից միջոց: ‹‹Մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը մեզ մեծ հնարավորություն է տալիս հարստացնելու մեր գիտելիքները հայագիտության ոլորտում››,- փաստեց դոկտոր Զորյանը:
Դասախոսությանը հաջորդած ակտիվ հարց ու պատասխանի ընթացքում ‹‹Այբ›› դպրոցի աշակերտները հարցեր տվեցին, խոսեցին իրենց տպավորությունների մասին և հանդես եկան առաջարկություններով: Որոշ ուսանողներ նույնիսկ ցանկություն հայտնեցին կամավորական հիմունքներով ներգրավվել ՀՎՀ գործունեության մեջ`այդպիսով աջակցելով ՀՎՀ-ի առաքելության իրականացմանը:
ՀՎՀ և ‹‹Այբ›› հանդիպումն ավարտվեց ջերմ նոտայով` ստեղծելով նոր համագործակցություն կառուցելու ամուր հիմք: