login
Հոդվածներ
ՀԲԸՄ ՀՎՀ Նախագահ Դր. Երվանդ Զորյանի այցը Ռոստով 09/25/2013
Սեպտեմբերի 25-28-ը ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանը և Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանն այցելեցին Ռոստովի մարզ, որտեղ հանդիպումներ ունեցան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրին Հայկական վիրտուալ համալսարանը, նրա ստեղծման դրդապատճառներն ու ընձեռած կրթական հնարավորությունները: Քննարկվեցին նաև սփյուռքի հայկական կրթօջախների առջև ծառացած կրթական և հայապահպանության խնդիրները, որոնց լուծմանը նպաստող ուղիներ է առաջարկում ՀՎՀ-ն` իր ուսումնական նյութերով: Դոնի-Ռոստովի ՀՎՀ կենտրոնում հյուրերն առանձին հանդիպում ունեցան հայերեն սովորող ուսանողների հետ: Ծավալված ջերմ քննարկման ընթացքում ուսանողներն արտահայտեցին թե՛ իրենց դրական կարծիքները, թե՛ բոլոր սպասելիքները ՀՎՀ-ի ծրագրերից: Առաջարկների մեծ մասը հանգում էին ծրագրային նյութը գործնականումավելի կիրառելի նյութերով հարստացնելուն և գործնական առաջադրանքներն ավելի բազմազան դարձնելուն: Այցի ընթացքում քննարկվեց նաևԴոնի-Ռոստովի Սուրբ Կարապետ և Սուրբ Խաչ եկեղեցիներին կից գործող հայերենի ուսուցման կիրակնօրյա դասարաններում ՀՎՀ-ի հնարավոր ընդգրկման հարցը: Ռոստովի մարզի հայկաբնակ Մյասնիկյան շրջանում ապրում են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի բնակիչների շառավիղները, ովքեր ութ դար առաջ արտագաղթել են Անիից, սակայն մինչ այժմ էլ պահպանել են իրենց բարբառը: Ավելի ուշ այստեղ հաստատվել են նաև Հայաստանից արտագաղթածներ և նրանց մի մասն այժմ արդեն ռուսախոս է: Այսօր շրջանի դպրոցներում հայերեն են սովորում մոտ 1000 աշակերտ: ՀՎՀ-ն իր առաջարկների բազմազանությամբ կարող է լայն հնարավորություններ ընձեռել շրջանի բնակչության համար: Դր. Զորյանը հանդիպումներ ունեցավ նաև Մյասնիկյանի շրջանի ղեկավար Արշակ Պորկշեյանի և կրթության բաժնի ղեկավար Ռիտա Բզեզյանի հետ` համագործակցության հնարավոր ուղիների շրջանակնրում: Այս այցն ամրապնդեց 2010թ. հայկական այս մեծ համայնքում ՀՎՀ-ի սկսած գործունեությունը և բացեց նոր հեռանկարներ այս բացառիկ ձեռնարկի համար, որն իսկապես ունի հզոր ներուժ իր հովանու ներքո համախմբելու աշխարհի տարբեր մասերում սփռված հայությանը: