ՀՎՀ-ի ցանցի ընդարձակումը տեղական և գլոբալ համատեքստում
12/11/2015
ՀՎՀ-ն շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները հայկական դպրոցների հետ, և վերջերս դպրոցների շարքը համալրվել է ևս մեկով: Խոսքը Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի մասին է: 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի թիմը հյուրընկալվեց Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, որտեղ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հրավիրվել էր ելույթ ունենալու բարձր դասարանների աշակերտների համար: Ավելի քան 100 աշակերտ և ուսուցիչ հնարավորություն ունեցան ներկա գտնվելու այդ ելույթին և տեղեկանալու, թե ինչպես կարող են նորագույն տեխնոլոգիաները փոխել սովորելու մշակույթը:
Հանրային դասախոսությունը կրում էր «Նորագույն տեխնոլոգիաները և կրթությունը» խորագիրը: Պարոն Զորյանը իր ելույթում ներկայացրեց, թե ինչպես է ՀՎՀ-ն ամբողջ աշխարհում հայկական կրթությունը հասանելի դարձնելու իր առաքելությունն ու նախաձեռնություններն իրականացնում: Նա ներկա գտնվողներին տեղեկացրեց նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող հեղափոխական փոփոխությունների մասին, ինչն էլ իր հերթին մեծ փոփոխությունների ալիք է բարձրացնում կրթության բնագավառում: «Օնլայն ուսուցումը այսօր ավելի մատչելի է: Օնլայն ուսուցման գործիքները և մեթոդները ամբողջ աշխարհում դառնում են ավելի ընդունելի, և դուք այն սերունդն եք ներկայացնում, որ հնարավորություն ունի օգտվելու կրթության բոլոր նորարարություններից»,- ասաց դոկտոր Զորյանը: Ներկաները տեղեկացան նաև ՀՎՀ-ի միջոցով օնլայն հայագիտական կրթություն ստանալու հնարավորությունների մասին: ՀՎՀ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց բոլորի մոտ: Թե′ ուսուցիչները, թե′ աշակերտները շատ տպավորված էին էլեկտրոնային գրքերի հարուստ բովանդակությամբ և նորարարական առանձնահատկություններով և շատ ուրախ էին, որ հնարավորություն ունեին դասարանում օգտագործելու էլեկտրոնային գրքերը` որպես լրացուցիչ նյութ:
Վերջում ճեմարանի փոխտնօրեն Գագիկ Թոռչյանը իր գնահատանքի խոսքերն ուղղեց ՀՎՀ-ին և ճեմարանի անունից պատրաստակամություն հայտնեց միանալու ՀՎՀ-ին և սատարելու ՀՎՀ-ին իր կարևորագույն առաքելությունն իրագործելու հարցում. այն է` ստեղծել կրթական վիրտուալ համայնք և ամրապնդել սոցիալական հաղորդակցությունը աշխարհասփյուռ հայ ուսանողների միջև: