login
Մամլոյ հաղորդագրութիւն
Նոր մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքը կնպաստի Վայոց ձորում զբոսաշրջության զարգացմանը 02/27/2017

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից, թողարկել են Վայոց ձորին նվիրված մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք, որի նպատակն է նպաստել մարզում զբոսաշրջության  զարգացմանն ու մշակութային արժեքների պահպանմանը: Ս.թ. փետրվարի 27-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) սրահում տեղի ունեցավ նոր էլեկտրոնային գրքի շնորհանդեսը:

«Մենք փորձում ենք սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մեր ծրագրերը զուգորդել Հայաստանի կառավարության որդեգրած ռազմավարական առաջնահերթությունների հետ: ՀԲԸՄ-ն ակտիվորեն աջակցում է այսպիսի նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են Հայաստանի առաջնային և առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության զարգացմանը», - ասաց Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Սույն էլեկտրոնային գիրքը նվիրված է Վայոց ձորի մարզին, որը յուրօրինակ ուղեցույց է՝ խթանելու զբոսաշրջիկների այցը նշված մարզ, ուր կարող են վայելել գեղեցիկ բնությունը, ծանոթանալ տեղի հարուստ մշակույթին ու հանդիպել հյուրասեր մարդկանց, իսկ առավել կարևորն այն է, որ Հայաստան այցելողները չեն սահմանափակվի միայն Երևանով։ Ինձ ճիշտ հասկացեք, Երևանն աննկարագրելի քաղաք է, սակայն, միևնույն ժամանակ Վայոց ձորն ու մյուս մարզերն էլ բազմազան զբոսաշրջային փորձառություններ ունեն առաջարկելու այցելուներին։ Այդ իսկ պատճառով էլ ստեղծվել է էլեկտրոնային գրքերի շարքը, որի անդրանիկ գիրքը գլխավորում է Վայոց ձորի մարզը»:

«Վայոց ձոր» էլեկտրոնային գիրքը զբոսաշրջային ամենաընդգրկուն ուղեցույցն է, որն ինտերակտիվ եղանակով ներկայացնում է մարզի պատմությունը, բնությունը և մշակութային ժառանգությունը: Այն հարուստ տեղեկություններ է պարունակում Վայոց ձորի ճարտարապետության, հնագիտության, արկածային տուրիզմի հնարավորությունների, խոհանոցի, փառատոների և տարածաշրջանային միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև՝ օգտակար տեղեկատվություն և խորհուրդներ այցելուների համար:

Էլ. գիրքը համալրում է ՀՎՀ-ի 7 լեզուներով հասանելի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը, որը կարելի է անվճար ներբեռնել սմարթֆոնում, տաբլետում և համակարգչում: Ավելի վաղ հրապարակվել էին «Հայկական լեռնաշխարհ» և «Բացահայտենք Երևանը» էլ. գրքերը:

«ՀՎՀ-ն հպարտությամբ է համագործակցում «Իմ Հայաստան» ծրագրի և Սմիթսոնյան ինստիտուտի հետ՝ հավատարիմ մնալով հայկական հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իր առաքելությանը»,- ասաց Երվանդ Զորյանը, ՀՎՀ հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ: «Այսօր արդեն մեծ ժողովրդականություն վայելող մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը մենք սկսեցինք թողարկել՝ նպատակ ունենալով գիտելիքը դուրս հանել ՀՎՀ-ի վիրտուալ դասարաններից և տարածել հանրության լայն շրջանակներում: Նոր էլ. գրքում օգտագործվել են ստեղծարար և ժամանակակից լուծումներ՝ Վայոց ձորի բնական և պատմական հարստությունը, մարզի բազմազանությունը լավագույնս ներկայացնելու նպատակով: Գիրքն իր ինտերակտիվ բովանդակությամբ կնպաստի մարզում զբոսաշրջիկների թվի աճին»: 

 «ԱՄՆ ՄԶԳ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ ջանքերով կյանքի կոչված «Իմ Հայաստան» ծրագիրը նպատակ ունի ցուցադրելու այն արդյունավետ կապը, որ կարող է լինել մշակույթի և տնտեսության զարգացման միջև: Մշակութային զբոսաշրջության հնարավորությունները, որ մշակվել են «Իմ Հայաստան» ծրագրի և մեր առանցքային գործընկերների՝ հանձինս ՀԲԸՄ-ի, փորձառության ու ջանքերի շնորհիվ, կնպաստեն Հայաստանի գյուղական բնակավայրերի կայուն տնտեսական աճին և այդ համայնքներում հայկական մշակութային ժառանգության կայունության բարելավմանը», - ասաց Սիսակ Մխիթարյանը, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար:

Էլ. գիրքն արդեն դրական արձագանք է ստացել զբոսաշրջության ոլորտի լավագույն մասնագետների և տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ նմանատիպ էլ. գրքերը ոչ միայն օգնում են տեղեկատվություն տարածել և ուղղորդել Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին, այլև այլ երկներում էլեկտրոնային գրադարանից օգտվողներին տեղեկացնում են Հայաստանի հարուստ պատմության, բնության և մշակութային ժառանգության մասին՝ խրախուսելով նրանց այցելել մեր երկիր:  «Իմ Հայաստան» ծրագիրը և ՀՎՀ-ն նախատեսում են շարունակել համագործակցությունը և թողարկել Հայաստանի մյուս մարզերը ներկայացնող էլեկտրոնային գրքերի շարք:

 

«Վայոց ձոր» էլեկտրոնային գիրք կարող եք ներբեռնել այստեղ՝
https://www.avc-agbu.org/ehy/virtual_experience/eBooks/4.html

Գրքի մասին տեսահոլովակը՝https://www.youtube.com/watch?v=Gk87ROMzFPU

 

 

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ)

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատություն է, որն առաջարկում է հայկական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայագիտությամբ, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմ-առ-դեմ իրականացվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ հարստացնելով արդեն իսկ գործող ուսումնական ծրագրերը: ՀՎՀ-ի առաքելությունն է՝ ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կխթանի մշակութային կրթությունը և կզարգացնի հաղորդակցային կապերն ամբողջ աշխարհում:

 

ՀԲԸՄ-ն ամենախոշոր շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է աշխարհում, որը հիմնադրվել է 1906 թվականին: Գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը պահպանում և խթանում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով՝ տարեկան շոշափելով աշխարհի շուրջ 500,000 հայ կյանք:

 

ՀՎՀ-ի գործունեության և ծրագրերի մասին տեղեկությունների համար այցելեք www.avc-agbu.org կայքը:

Ֆեյսբուք՝ www.facebook.com/OnlineArmenianEducation               

Թվիթեր՝ https://twitter.com/avcagbu                                     

Գուգլ պլյուս (Google Plus)՝ /+avc-agbuorg                           

 

 

«Իմ Հայաստան» ծրագիր

«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագիրն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով կայուն և դինամիկ տուրիզմի զարգացումը մարզերում։

Հետևեք մեր գործունեությանը Ֆեյսբուքում՝  www.facebook.com/MyArmeniaProgram/