Համահայկական կրթական առաջին առցանց խորհրդաժողովը, որը տեղի ունեցավ 2020թ. օգոստոսի 22-24-ը, կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) առցանց ուսուցման առաջատար հաստատության՝ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) համատեղ ջանքերով:
Նախորդ ութ խորհրդաժողովները տեղի էին ունեցել Հայաստանում երկու տարին մեկ անգամ՝ նպատակ ունենալով քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առջև ծառացած հիմնախնդիրները և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Համաշխարհային համավարակի պայմաններում, երբ գրեթե ամեն ինչ տեղափոխվեց առցանց տիրույթ, որոշում կայացվեց այս խորհրդաժողովը ևս անցկացնել առցանց, ինչը վերացրեց աշխարհագրական սահմանները և ապահովեց առավել ընդլայնված մասնակցություն: Միասնական և կազմակերպված աշխատանքների արդյունքում խորհրդաժողովի համաշխարհային լսարանն ընդգրկեց հայկական կրթական բնագավառի ավելի քան 1,300 ներկայացուցչի 36 երկրից ՝ մանկավարժներ, կրթական հաստատությունների պատասխանատուներ, վարչական անձնակազմ, կրթության աջակիցներ: Թվով 9-րդ խորհրդաժողովը դարձավ իր պատմության մեջ մասնակիցների թվով ամենամեծը և ընդգրկվածության առումով ամենաբազմազանը:
Բացման խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շեշտեց նման խորհրդաժողովների անհրաժեշտությունը`Հայաստանի և սփյուռքի միջև համագործակցային նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով, և շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին՝ հանձինս ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ և ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանի` խորհրդաժողովն այդքան ջանասիրաբար կազմակերպելու համար:
Իր ներածական ուղերձում դոկտ. Զորյանը կարևորեց առցանց ուսուցման առանձնահատկությունը`մատնանշելով ՀՎՀ-ի կողմից առաջարկվող ժամանակակից ինտերակտիվ կրթական տեխնոլոգիաների բազմազանությունը՝ մատուցված դասավանդման յոթ լեզուներով, ինչի շնորհիվ 2009-ից ի վեր հայկական կրթությունը հասանելի է դարձել ավելի քան 25,000 էլ. սովորողների համար: Անգամ համաշխարհային համավարակի պայմաններում և, թերևս այդ պատճառով, ՀՎՀ-ն կրկին հանդես եկավ որպես առցանց ուսուցման առաջատար հաստատություն՝ հարստացնելով իր գործունեության շրջանակներում առաջարկվող ծրագրերի բովանդակությունը` օգնելու հաղթահարել կրթական ոլորտին պատուհասած մարտահրավերներն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, ապահովելու վիրտուալ ինտերակտիվ հաղորդակցությունն մասնակիցների միջև ամբողջ աշխարհում:
Եռօրյա խորհրդաժողովը, որը կրում էր «Հայաստան-սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը, համախմբեց հյուր-բանախոսների և խոսնակների կրթական տարբեր ոլորտներից: Շուրջ 33 կրթության փորձագետներ ամբողջ աշխարհից կիսեցին իրենց աշխատանքային փորձը, ծրագրերն ու առաջարկները, իսկ հյուր-բանախոսները շարունակեցին այս թեման ամենօրյա «Հեռանկարային զրույցներ»-ում՝ ներկայացնելով իրենց տեսլականը, գործունեությունը, ինչպես նաև խնդիրները և հնարավոր լուծումները: Նրանցից յուրաքանչյուրն առաջատար դեր է զբաղեցնում իր երկրի համայնքային կյանքում և կրթության համակարգում, այդ թվում՝ Ազատուհի Սիմոնյանը (Արցախ), Ռազմիկ Փանոսյանը (Պորտուգալիա), Վերապատվելի Փոլ Հայդոստյանը (Լիբանան), Սեբուհ Ասլանյանը (ԱՄՆ), Արփի Մանուկյանը (Թուրքիա), Գայանե Թումբալյանը ( Սիրիա), Սալբի Ղազարյանը (ԱՄՆ), Մարի Գյուլումյանը (ԱՄՆ), Արա Վասիլյանը (Լիբանան) և Տաթևիկ Այվազյանը (Մեծ Բրիտանիա):
Հատկանշական է, որ խորհրդաժողովի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումը հիանալի հնարավորություն էր բազմաթիվ ուսուցիչների, տնօրենների և վարչական պատասխանատուների համար`ակտիվորեն մասնակցելու քննարկումներին, լսելու գործընկերիներին, ներկայացնելու իրենց կարծիքները: Շատերը հատուկ մտահոգություն էին հայտնում նոր սերունդների հայոց լեզվի ուսուցման համար: Դոկտոր Զորյանն առաջարկեց քննարկումները շարունակել խորհրդաժողովի առցանց հարթակում՝ այս կերպ ստեղծելով առավել սերտ համագործակցության, մտքերի ու փորձի փոխանակման և գործնական քայլերի մշակման, համակարգման, իրագործման հնարավորություններ: Նրա առաջարկությունը դրական արձագանք ստացավ մասնակիցների կողմից, ովքեր նաև փնտրում էին իրենց գաղափարները, մոտեցումները և առաջարկները մի միասնական միջավայրում ներկայացնելու արդյունավետ ուղիներ:
Փակման արարողության ընթացքում ելույթով հանդես եկավ ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը: Նա իր խոսքում շեշտեց այն, որ 114 տարի շարունակ կրթությունը եղել է ՀԲԸՄ-ի առաջնահերթությունը, և այդ նույն հեռանկարով այսօր ՀԲԸՄ-ն շարունակում է ներդրումներ կատարել նորարարական ծրագրերում և աջակցում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի զարգացող կարիքներին: Պերճ Սեդրակյանը նաև բարձր գնահատեց դոկտոր Զորյանի տեսլականը և իր թիմի ջանքերը՝ ուղղված ՀՎՀ-ի առաքելության իրագործմանը՝ օգտագործելով տեխնոլոգիական առաջընթացը` ի շահ հայ մանկավարժների և նրանց վստահորդների:
Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նույնպես միացան իրենց գործընկերներին` ընդգծելով ՀՎՀ-ի և ԿԳՄՍՆ-ի կազմակերպչական համակարգված ջանքերը, մաղթելով շարունակական հաջողություններ հայկական կրթությունն ու մշակույթն աշխարհում տարածելու գործում:
Համահայկական 9-րդ խորհրդաժողովի գլոբալ ազդեցությունը պետք է խթան հանդիսանա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել, հարստացնել և տարածել հայկական կրթությունը:
ՀՎՀ-ի համահայկական խորհրդաժողովի առցանց քննարկման հարթակին կարելի է միանալ https://avc-agbu.org/edu/avc-escs-diaspora-conference/registration.html հղումով: Այստեղ հասանելի են նաև աշխատաժողովների օրակարգը, տեսագրությունները, ֆորում-քննարկումները և ավելին:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Ամեն տարի ՀԲԸՄ-ն իր աջակցությունն է բերում 500,000 հայերի Հայաստանում, Արցախում և սփյուռքում: 1906թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր կոչումին՝ համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմանը: ՀԲԸՄ-ի աշխարհասփյուռ գործունեությանը ծանոթանալու և ավելին իմանալու համար կարող եք այցելել https://avc-agbu.org