Ստամբուլաբնակ Արման Կոջայանը խոսելիս անմիջապես նշում է, թե ինչպես է Հայկական վիրտուալ համալսարանը միավորում մարդկանց՝ ողջ աշխարհից. «Այնքան հետաքրքիր է, երբ լսում ես, որ ինչ-որ մեկի մայրը Ստամբուլից է, իսկ նա՝ Կանադայից, և մեզ միավորել է ՀՎՀ-ն Երևանից: Սա իմ մեջ կապվածության և միասնության մի հիանալի զգացողություն է առաջացնում»:
Արմանն աշխատում է շքեղ ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունում՝ որպես կազմակերպության ռեսուրսների պլանավորման համակարգի մասնագետ: Նա ողջ կյանքում ապրել է Ստամբուլում, որն այսպես է նկարագրում. «գեղեցիկ և ընդարձակ քաղաք, որտեղ կարելի է տեսնել հայկականության մնացորդներ և հետքեր, գերազանցապես պատմական, ճարտարապետական կառույցներում, որոնք շատ թաղամասերում կանգուն են»:
Մինչև յոթերորդ դասարան Արմանը հաճախել է հայկական Մխիթարյան մասնավոր դպրոց: Այստեղ է նա զգացել քաղաքի ընդհանուր մթնոլորտի ազդեցություննն իր առօրյա գործածության հայերենի վրա: Նա որոշ չափով արևմտահայերեն է սովորել, սակայն, քանի որ նրա ընտանիքը հայկական կրթություն գրեթե չէր ստացել, տանը հազվադեպ էին հայերեն խոսում: Նա հաստատում է. «Տարիների ընթացքում մենք կամաց-կամաց սկսեցինք մոռանալ հայերենը»:
Ամեն ինչ փոխվում է, երբ Արմանը որոշում է գալ Հայաստան: Ժամանելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ, երբ տեղեկություններ էր փնտրում երկրի մասին, իմանում է Հայկական վիրտուալ համալսարանի մասին և մտապահում այն:
Արմանը ցանկանում էր խուսափել կանխակալ պատկերացումներ կազմելուց, քանի որ ընկերներից թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ էր լսել, սակայն ժամանելով Հայաստան, նկատում է. «Այն, ինչ ես տեսա այստեղ, ինձ ապշեցրեց: Նախ՝ ինձ համար մեծ անակնկալ էր, որ բոլորը հայերեն էին խոսում»: Հետո Արմանը սկսում է ինքն իրեն քննադատել մայրենի լեզուն չիմանալու համար և որոշում է միանալ ՀՎՀ-ին: Նա ընտրում է արևելահայերենը, որպեսզի կարողանա խոսել Հայաստանից ժամանած մարդկանց հետ և ազատ հաղորդակցվել Հայաստանում եղած ժամանակ:
Այժմ Արմանն արդեն ՀՎՀ-ի արևելահայերենի դասընթացի միջին մակարդակի ուսանող է: Նա հատկապես կարևորում է իր առցանց ուսուցչուհու՝ Անի Դեկիրմենչյանի դերն իր ուսման մեջ. «Իմ սիրելի ուսուցիչ և ընկեր Անիի շնորհիվ դասերն ավելի հաճելի և արդյունավետ են դառնում: Նա իսկապես մեծ ջանքեր է գործադրում արևմտահայերենի և արևելահայերենի միջև առկա տարբերություններն ինձ սովորեցնելու համար: Առանց ուսուցչի գործոնի՝ համակարգը երբեք այդքան հաջողված չի լինի: Ուսուցիչներն այս համալսարանի հիմքն են»:
Արմանը շնորհակալություն է հայտնում ՀԲԸՄ-ին և ՀՎՀ-ին, որ օգնեցին իրեն լրացնել հայերենի իմացության պակասը: «Ես իսկապես ինձ բացառիկ և երջանիկ եմ զգում՝ շնորհիվ ՀԲԸՄ-ի, ՀՎՀ-ի և Անիի: Նման հնարավորություն ձեռք բերելը բառերով բացատրել անգամ անհնար է»,-փաստում է Արմանը:
Հայաստան կատարած այցելությունից հետո Արմանը որոշում է, որ իր հաջորդ նպատակը Հայաստան տեղափոխվելն է, և այդ նպատակին հասնելու համար նա պատրաստ է անել հնարավոր ամեն բան:
Հայկական վիրտուալ համալսարանը ոչ միայն օգնում է այդ նպատակն իրականություն դարձնել, այլև իր շուրջն է համախմբում աշխարհասփյուռ հայերին:
Հեղինակ` Լենա Թաշչյան