ՀԲԸՄ ՀՎՀ լեզվի դասընթացը պորտուգալերենով․ ավարտական ուշագրավ արարողությունը
05/20/2024
Ապրիլի 12-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի ունեցավ ՀԲԸՄ Բրազիլիայի և ՀԲԸՄ ՀՎՀ-ի համատեղ ջանքերով մեկնարկած հայոց լեզվի՝ պորտուգալերենով դասավանդվող դասընթացի առաջին խմբի ավարտական արարողությունը։
Հեղինակավոր Tivoli Mofarrej հյուրանոցում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը շնորհավորեց բոլորին և ուսանողներին շնորհեց վկայականներ հայոց լեզվի՝ պորտուգալերենով դասընթացի առաջին կիսամյակը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Դասընթացը հասանելի է և՛ արևելահայերենով, և՛ արևմտահայերենով։
ՀԲԸՄ Բրազիլիայի նախագահ Ռաֆայել Բալուկյանը նույնպես շնորհավորեց ուսանողներին՝ ընդգծելով այս համագործակցության կարևորությունը: «ՀԲԸՄ ՀՎՀ հայոց լեզվի՝ պորտուգալերենով դասավանդվող դասընթացն իրականացված երազանք է և կարևոր ներդրում ՀԲԸՄ Բրազիլիայի կողմից հայ համայնքում՝ մեր մշակույթի պահպանմանն ուղղված ջանքերի մեջ»,- ասաց նա:
Պարգևատրման արարողությունից հետո ուսանողները նաև հնարավորություն ունեցան հանդիպելու ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար դասախոս Անուշիկ Հարությունյանին և կիսվելու իրենց ուսման փորձով:
Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է ՀԲԸՄ ՀՎՀ-ի գլխավոր առաքելությունը՝ ուսանողներին ապահովել հայերեն կրթության նորարարական և մատչելի հնարավորություններով՝ անկախ նրանց լեզվական նախասիրություններից և ծագումից:
ՀԲԸՄ ՀՎՀ հայոց լեզվի դասընթացը անվճար է և հասանելի է 7 այլ ուսուցման լեզուներով: Պորտուգալերենով դասընթացի երկրորդ մակարդակին այժմ գրանցվել են բազմաթիվ նոր ուսանողներ:
Ավելին իմանալու համար դիտե՛ք այս տեսանյութը: