Հայկական դպրոցները և համայնքները տոնում են Հ. Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակները
04/25/2019
Շվեյցարիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Սիրիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Կանադայում գտնվող հայկական դպրոցներն ու համայնքները ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի շնորհիվ միացան Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված համաժողովրդական տոնակատարություններին:
2019 թվականի փետրվար և մարտ ամիսների ընթացքում ՀՎՀ-ն 17 օնլայն միջոցառում կազմակերպեց՝ նվիրված հայ երկու մեծանուն գործիչների կյանքին և գործունեությանը: ՀՎՀ կրթական ծրագրի պատասխանատու Մարինա Խաչատուրյանը, հիբրիդ կրթության ծրագրի պատասխանատու Արփինե Թավաքալյանը և արևմտահայերենի հեռավար դասախոս Զեփյուռ Խբլիկյանը մասնակիցների հետ միասին վիրտուալ շրջայց կատարեցին Թումանյանի և Կոմիտասի թանգարաններում, պատմեցին նրանց կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին, կազմակերպեցին հետաքրքիր խաղեր:
Օնլայն հանդիպումները համապատասխանեցվել էին յուրաքանչյուր լսարանի տարիքին և հետաքրքրություններին: Այս միջոցառումներին մեծ ոգևորությամբ մասնակցեցին ոչ միայն դպրոցահասակ երեխաները, այլև նրանց ծնողներն ու համայնքի անդամները: Իրենց ուսուցիչների օգնությամբ աշակերտները նախապես պատրաստվել էին այս հանդիպումներին: Նրանք միջոցառումները համեմեցին թումանյանական գեղեցիկ ասմունքով և կոմիտասյան դյութիչ երգերով: Մոնրեալի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան դպրոցի աշակերտներն անգամ «անձնագրեր» էին պատրաստել, որպեսզի վիրտուալ այցելեն Հայաստան: Շա՜տ հուզիչ էր…բոլորի աչքերն արցունքով լցվեցին:
«Նոր Զելանդիայի հայ համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում այս հրաշալի միջոցառման համար: Անչափ հետաքրքիր էր և օգտակար, բոլորն այսօր միայն այդ մասին են խոսում և առաջարկում հաճախակի դարձնել նմանատիպ հանդիպումները», - գրում է Նոր Զելանդիայի հայ համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանը:
«Բոլորը շատ ոգևորված էին և ուրախ , հոգևոր սնունդ ստացանք։ Շնորհակալություն: Հրաշալի բաց դաս ստացվեց»,- հանդիպումից հետո գրում է Ռոստովի հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Արմինե Հովսեփյանը:
«Շատ հաճելի էր մեր վերջին հանդիպումը Թումանեանի եւ Կոմիտասի նուիրուած, մեր աշակերտները շատ լաւ տպաւորուած էին ու կ'որոշէին օր մը անպայման այցելել այդ թանգարանները: Շնորհակալութիւն բոլորին»,- ամփոփում է Մոնրեալի «Հայորդյաց օր» շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Սոսի Իսկենյանը:
Այս տեսանյութում Բեյրութի Մխիթարյան վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը շնորհակալություն է հայտնում իր, ուսուցիչների և աշակերտների անունից.
https://www.facebook.com/watch/?v=880539585617039