ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը շարունակում է համագործակցել դպրոցների հետ՝ իր հիբրիդ կրթության ծրագրի շրջանակներում՝ տրամադրելով առցանց դասընթացներ և կազմակերպելով կրթական, մշակութային միջոցառումներ։ Նպատակը՝ սովորողների ուսումնական փորձի բարելավումն է։ Ի լրումն ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի հիմնական առավելությունների՝ ՀՎՀ-ն առաջարկում է նաև կրթական արդի չափանիշների հիման վրա մշակված ռեսուրսներ ուսուցիչների համար։
ԿԱՆԱԴԱ
ՀԲԸՄ Տորոնտոյի հիբրիդ դասարանի ուսանողները հաջողությամբ ավարտեցին ՀՎՀ-ի շախմատի առցանց դասընթացի երկրորդ ուսումնական շրջանը: ՀՎՀ-ն կազմակերպեց ավարտական առցանց միջոցառում, որի ընթացքում ուսանողները ստացան իրենց ավարտական վկայականները:
Դիտել միջոցառման կարճ հոլովակը:
ՀԲԸՄ Մոնրեալի «Հայորդյաց օր» շաբաթօրյա դպրոցի ավելի քան 40 աշակերտները միացան ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի ձմեռային ուսումնական շրջանին: Աշակերտները սովորեցին շախմատ խաղի հիմունքները ՀՎՀ-ի հեռավար դասախոս, գրոսմայստեր Մարիա Գևորգյանի օգնությամբ։
2021 թվականի դեկտեմբերին Մոնրեալի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան դպրոցի ավելի քան 30 սաները վիրտուալ շրջայց կատարեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում և ծանոթացան հայ երաժշտության և գրականության մեծանուն վարպետների ստեղծագործություններին ու կենսագրությանը։
«Ինձ շատ է դուր գալիս ձեր հաջողված ծրագիրը: Նախ, այն շատ հարմար է և հասանելի օգտագործողի համար: Նկարներն ու վարժությունները շատ գրավիչ և հետաքրքիր են երեխաների համար: Երկխոսություններն ու բառապաշարն իսկապես օգնում են երեխաներին սովորել և զարգացնել հայերեն խոսելու կարողությունը։ Ուսուցիչները, երեխաները և ես շատ գոհ ենք ՀՎՀ-ից» - Վիոլետ Խաչատուրյան, Արարատ հայկական դպրոցի տնօրեն, Տորոնտո, Կանադա
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ՀՎՀ-ն հետաքրքիր և կրթական առցանց միջոցառում էր կազմակերպել Ժնևի Թոփալյան հայկական դպրոցի աշակերտների համար Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի առիթով: Քանի որ շուտով նաև ամանոր էր, մթնոլորտն էլ արդեն տոնական էր՝ հագեցած ամանորյա ուրախ երգերով և բանաստեղծություններով։
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՀՎՀ-ի առաջին հիբրիդ դպրոցներից մեկը (AVC Lab), որը հիմնադրվեց 2011 թվականին Դոնի Ռոստովում, շարունակում է հայերեն սովորելու նոր հնարավորություններ ընձեռել բոլոր տարիքի սովորողների համար։ 2022 թվականի մարտին ՀՎՀ-ն կազմակերպեց Մարտիրոս Սարյանին նվիրված առցանց հանդիպում։ Ուսանողները ծանոթացան մեծանուն նկարչի կյանքի և գործունեության տարբեր փուլերին, ինչպես նաև վիրտուալ շրջայց կատարեցին նրա տուն-թանգարանում։
ԹԱՅՎԱՆ
Անցյալ տարեվերջին Թայվանի Չունգ-Հսինգ համալսարանին կից ավագ դպրոցի շուրջ 30 հիբրիդ ուսանողներն առցանց այցելեցին Հայաստանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այս ուսանողները մասնակցում են նաև ՀՎՀ-ի հայոց պատմության դասընթացին և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության նկատմամբ: