login
Հոդվածներ
Հայոց լեզվի դասավանդման և տարածման խնդիրները՝ կրթական ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում 04/06/2025

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) շարունակում է կարևոր դեր խաղալ հայկական կրթության զարգացման և տարածման գործում՝ նախաձեռնելով մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են ազգային կրթության մարտահրավերների, ուսուցման նոր ձևաչափերի շուրջ մասնագիտական քննարկումներին և համագործակցությանը:


2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՀՎՀ-ն կազմակերպեց Մայրենի լեզվի միջազգային օրվան (փետրվարի 21-ին) նվիրված վեբինարների շարք՝ անդրադառնալով սփյուռքում հայերենի պահպանման և դասավանդման կարևորագույն հարցերին:


Վեբինարները կազմակերպվել էին ՀՎՀ-ի «Համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ» հարթակի շրջանակներում, որը համախմբում է ավելի քան 1500 հայ մանկավարժների և կրթական ոլորտի ներկայացուցիչների ամբողջ աշխարհից՝ մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության համար:


Վեբինարների թեմաներն էին՝ 

 

  • «Սփյուռքի դպրոցներում կիրառվող ուսումնական նյութերի նոր ձևաչափ»
  • «Ժամանակակից արևմտահայերեն մամուլի լեզուն» 
  • «Հայերենի ուսուցման նոր միտումներ. միջսփյուռքյան դիտարկումներ»:


ՀԲԸՄ փոխնախագահ, ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր-նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանն իր բացման խոսքում նշեց․ «Մայրենի լեզվի միջազգային օրը մեր աշխարհատարած հայության համար հատուկ նշանակություն ունի, քանի որ մեր լեզուն պահպանելը, զարգացնելը և տարածելը ինչ-որ առումով մեր բոլորիս պարտականությունն է, ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ ՀԲԸՄ-ի համար կրթությունը հիմնասյուն է եղել իր հիմնադրումից մինչ օրս։ Այդ նպատակով է, որ ՀԲԸՄ-ի հայկական դպրոցներ են գործում հայկական մեծ համայնքներում, իսկ Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով գործակցության հնարավորություն է ստեղծվում սփյուռքի բոլոր դպրոցների միջև։ Ուրախ եմ, որ Համահայկական կրթական ֆորումը կրկին մեզ միավորել է՝ քննարկելու հայկական կրթության հարցերը և համագործակցության ուղիները»։


Վեբինարները գրավեցին լայն լսարանի ուշադրությունը՝  ներառյալ հայ մանկավարժների տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից Արգենտինա, Եվրոպա, Ռուսաստան և Հայաստան, ինչը վկայում է նման միջոցառումների համահայկական կարևորության մասին: Հրավիրված բանախոսների ելույթներին հաջորդեցին հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ՝ սփյուռքի դպրոցներում հայերենի և հայրենագիտության դասավանդման հետ կապված մարտահրավերների և լուծումների շուրջ:


Դիտեք վեբինարների տեսագրությունները․

 

  1. «Սփյուռքի դպրոցներում կիրառվող ուսումնական նյութերի նոր ձևաչափ»

    Բանախոս՝ մ.գ.թ., դոցենտ Աստղիկ Բալայան 

     

  2. «Ժամանակակից արևմտահայերեն մամուլի լեզուն» 

    Բանախոս՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի արևմտահայերենի դասախոս, ԳԱԱ Լեզվի ինստիտուտի Արևմտահայերենի բաժնի գիտաշխատող Ավետիս Ափոշյան 

     

  3. «Հայերենի ուսուցման նոր միտումներ. միջսփյուռքյան դիտարկումներ»

    Բանախոս՝ բ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, Լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մերի Սարգսյան 

 

«Համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ» հարթակը գործարկվեց 2020 թվականին, երբ ՀՎՀ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) համատեղ ջանքերով առաջին անգամ առցանց կազմակերպվեց Համահայկական կրթական խորհրդաժողովը։

 

Հաջորդող տարիներին ՀԲԸՄ ՀՎՀ-ն ԿԳՄՍ նախարարության, ԳԱԱ Լեզվի ինստիտուտի և ոլորտի առաջատար մասնագետների ու կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպեց բազմաթիվ վեբինարներ և քննարկումներ՝ նվիրված ամբողջ աշխարհում հայերենի տարածման և պահպանման, հայկական կրթության զարգացման խնդիրներին:

 

Դիտեք «Համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ» հարթակի մասին պատմող տեսանյութը:

 

«Համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ» հարթակին կարելի է միանալ այս հղումով: