login
Հոդվածներ
ԱՄՆ-ից հայկական նոր դպրոցներ են միանում ՀՎՀ-ի ծրագրերին 12/11/2019

Կալիֆոռնիայի Մերդինյան հայ ավետարանական վարժարանի 7-րդ և 8-րդ դասարանների սաներն արևմտահայերեն են սովորում ՀՎՀ-ի առցանց ծրագրով: Դասերը մեկնարկեցին 2019թ. աշնանը հիբրիդ ծրագրի շրջանակներում: Դասավանդման այս մեթոդը, միախառնելով ավանդական և առցանց կրթության առավելությունները, կիրառելով արդի տեխնոլոգիաները, ուսումը դարձնում է առավել հետաքրքիր և արդյունավետ: ՀՎՀ-ի հեռավար դասախոս Անի Դեկիրմենչյանը մշտապես աջակցում է դասարանի ուսուցչուհի Մայդա Մանոյանին՝ կիսվելով փորձառությամբ, տրամադրելով հավելյալ ուսումնական նյութեր:  

 

2019թ. դեկտեմբերին ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանն աշակերտների համար առցանց միջոցառում կազմակերպեց՝ պատմելով Նոր տարվա և Սուրբ ծննդյան հայկական սովորույթների մասին:  

 

2019թ. ՀՎՀ-ն համագործակցություն սկսեց Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդարանի Ազգային ուսումնական խորհրդի (ANEC) հետ՝ խորհրդի տնօրեն Մարի Գյուլումյանի նախաձեռնությամբ և ջանքերով: ՀՎՀ-ն ամենամսյա սոցիալ-մշակութային առցանց միջոցառումներ է կազմակերպում «Սիամանթո լսարան»-ի աշակերտների համար:

 

Առաջնորդարանն ակտիվ քայլեր է ձեռնարկում ՀՎՀ-ի հիբրիդ կրթության մեթոդը Մասաչուսեթսում, Ռոդ Այլենդում, Նյու Յորքում, Միչիգանում, Մերիլենդում և Իլինոյսում գործող հայկական մի շարք դպրոցներում ներդնելու համար: Շուրջ 20 ուսուցիչներ գրանցվեցին մասնակցելու ՀՎՀ-ի ուսուցիչների վերապատրաստման ինտենսիվ ծրագրին: Վերջինիս նպատակն է ուսուցիչներին ծանոթացնել առցանց կրթության մեթոդաբանությանը, հիբրիդ կրթության առանձնահատկություններին և այն դասընթացի բովանդակությանը, որը հետագայում նրանք պետք է դասավանդեն իրենց աշակերտներին: