login
Հոդվածներ
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի նորարարական փորձը և ծրագրերը ներկայացվեցին EdTech 2022 կրթական համաժողովի ընթացքում 07/12/2022

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից կազմակերպված «Արհեստական բանականություն. կրթահարցեր և տեխնոպատասխաններ» խորագրով համաժողովը՝ քննարկելու կրթական ոլորտում առկա մարտահրավերները, արհեստական բանականությամբ ապագայի համար կրթական և տեխնոլոգիական ոլորտների երկխոսության զարգացման  առաջնահերթությունները։ 


Կրթատեխնոլոգիական կառույցների և ստարտափների ներկայացման փուլում ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի Համագործակցության  և գործառնական ղեկավար Արփինե Թավաքալյանը ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունն ու առաքելությունը, ինչպես նաև ներկա մարտահրավերներին արձագանքելու, ոչ ֆորմալ կրթական համակարգում տեխնոլոգիական լուծումների ու գործիքների կիրառման ՀՎՀ-ի փորձառությունը։ Նա նաև անդրադարձավ Հայաստանի և Արցախի ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Արհեստական բանականություն» դասընթացին։


Ելույթին հաջորդեցին հարցուպատասխանի փուլը, պանելային քննարկումները և կարծիքների քարտեզագրման գործընթացը, որի շրջանակներում դիտարկվեցին կրթության և արհեստական բանականության միջև գործակցության զարգացման հեռանկարները։ Ուրախ էինք տեսնել ներկաների մեծ հետաքրքրությունը առ ՀՎՀ-ի ծրագրերը և հայագիտական առարկաների առցանց դասավանդման գործընթացում էլ․ ուսուցման հնարավորությունները կիրառելու ճկուն մոտեցումները։


Համաժողովին ներկա էին նաև ՀՎՀ-ի զարգացման բաժնի ավագ ղեկավար Արթուր Ավագյանը, համագործակցության և հաղորդակցության մասնագետ Նոռա Գրիգորյանը։


Դեռևս այս տարվա ապրիլի 22-ից ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը ապահովում և կազմակերպում է «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի ուսուցման ողջ գործընթացը՝ էլեկտրոնային ուսուցման (e-learning) հեռավար հիբրիդ եղանակով։


Դասընթացը նախաձեռնվել և մշակվել է Սիլիկոնային հովտի ՀԲԸՄ մասնաճյուղի,  Սինոփսիս Արմենիայի և «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» կողմից՝ Սինոփսիս հիմնադրամի հովանավորությամբ։


Մանրամասն՝ https://www.avc-agbu.org/ehy/news/articles/interactive-courses-on-artificial-intelligence-for-high-school-students