Մադրիդի հայկական դպրոցը միացավ ՀՎՀ հիբրիդ ծրագրին
10/25/2018
Այս աշնանը Մադրիդի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցը միացավ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիբրիդ ծրագրին: Դպրոցի ուսուցչուհիները՝ Աննա և Դիանա Համբարձումյանները, ՀՎՀ-ի գործունեությանը և ծրագրերին ծանոթացան Երևանում կայացած «Սփյուռք» ամառային դպրոցի ընթացքում: Նրանք այնուհետև մասնակցեցին ՀՎՀ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:
2018 թվականի սեպտեմբերին դպրոցը հայտարարեց ՀՎՀ-ի հետ համագործակցություն սկսելու մասին: Դպրոցի շուրջ 50 աշակերտներն այսօր արդեն հնարավորություն ունեն արևելահայերեն սովորել իսպաներենով դասավանդվող օնլայն դասընթացի միջոցով:
Լեզվի դասընթացից բացի, դպրոցը մասնակցում է ՀՎՀ-ի կողմից կազմակերպված բազմապիսի միջոցառումներին: Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնին ընդառաջ նրանք վիրտուալ այցելեցին Երևան, շրջեցին մայրաքաղաքի փողոցներով, լսեցին քաղաքի անցյալի ու ներկայի մասին: Միջոցառումը վարեց ՀՎՀ հիբրիդ ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը:
Դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին նաև Երևանին նվիրված մեկ այլ միջոցառմանը՝ երգելով մայրաքաղաքի «Էրեբունի-Երևան» հիմնը ՀՎՀ-ի մյուս հիբրիդ դպրոցների աշակերտների հետ միասին: Տեսահոլովակի ամենագեղեցիկ պահը նրանց կատարումն էր. կարմիր, կապույտ և ծիրանագույն փուչիկներ բռնած մի խումբ փոքրիկներ՝ կանգնած Մադրիդի թագավորական պալատի առջև: