login
Հոդվածներ
ՀՎՀ-ի վիրտուալ համայնքի նվերը մայրաքաղաք Երևանին 10/30/2018

Աշխարհի տարբեր երկրներում ապրող ՀՎՀ ուսանողները միասին տոնեցին Երևանի 2800-ամյակը՝ երգելով մայրաքաղաքի հիմնը, մասնակցելով քաղաքի պատմությանը, ճարտարապետությանը և մշակութային ավանդույթներին նվիրված վիրտուալ միջոցառումներին:

ՀԲԸՄ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան դպրոցի (Հալեպ, Սիրիա), ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան ավագ դպրոցի (Կանոգա Պարկ, ԱՄՆ), ՀԲԸՄ Մոնրեալի «Հայորդաց օր» շաբաթօրյա դպրոցի (Կանադա), Մադրիդի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի (Իսպանիա), Սուրբ Սարգիս վարժարանի (Դալլաս, ԱՄՆ), Հայ Ավետարանական քոլեջի (Բեյրութ, Լիբանան) սաները և անհատ ուսանողներ Ջենիս Օկումյանը (Ռոդ Այլենդ, ԱՄՆ), Ժոզեֆ Սիրենը (Ալյասկա, ԱՄՆ) վիրտուալ երգչախումբ կազմեցին՝ երգելու «Էրեբունի-Երևան» երգը: Երգի տեսահոլովակը հրապարակվեց Երևանի օրը՝ հոկտեմբերի 21-ին:

ՀՎՀ-ն նաև օնլայն միջոցառումներ կազմակերպեց ՀԲԸՄ Մոնրեալի «Հայորդաց օր» շաբաթօրյա դպրոցի (Կանադա), Մադրիդի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի (Իսպանիա), Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի (Վրաստան) ուսանողների համար: Հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը և արևմտահայերենի հեռավար ուսուցչուհի Զեփյուռ Խբլիկյանը նրանց պատմեցին քաղաքի անցյալի ու ներկայի մասին, վիրտուալ զբոսանք կազմակերպեցին քաղաքի թանգարաններում, պատմական և մշակութային վայրերում: