login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը մասնակցեց Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին 10/25/2018

Սույն թվականի հոկտեմբերի 9-12-ը Երևանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որի շրջանակներում կազմակերպված Տնտեսական ֆորումին և Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանին մասնակցեց նաև ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: ՀՎՀ-ի «Բացահայտենք Երևանը» էլ. գիրքը՝ հասանելի էր գագաթաժողովի կայքում և դարձել էր Երևան ժամանած հյուրերի էլեկտրոնային ուղեկիցը:

Տնտեսական ֆորումին մասնակցեցին առաջատար փորձագետներ Հայաստանից և այլ երկրներից, իսկ պաշտոնական մեկնարկն ազդարարեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը և աշխատանքի ապագային նվիրված թեմատիկ նիստի ընթացքում ՀՎՀ հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը և անվանի այլ մասնագետներ ներկայացրեցին տեխնոլոգիական առաջընթացի վերաբերյալ իրենց տեսլականը:

«Հեռավար կրթություն. ինչպես է Հայկական վիրտուալ համալսարանը ծառայում մի ամբողջ ազգի» խորագրով ելույթի ընթացքում ՀՎՀ հիբրիդ կրթության համակարգող Արփինե Թավաքալյանը խոսեց աշխարհում տեղի ունեցող վերջին միտումների և այլ օբյեկտիվ գործոնների մասին, որոնք տկարացրել էին հայկական ավանդական համայնքների միջև կապերը և նրանց դերը հայ ինքնության պահպանման գործում: Աշխարհասփյուռ հայ ազգը կարիք ունի մի այնպիսի կրթական գլոբալ հարթակի, որը կօգնի ինչպես գիտելիքներ ձեռք բերել հայկական ժառանգության մասին, այնպես էլ կապ ստեղծել ամբողջ աշխարհի հայերի միջև: Ըստ այդմ, ՀՎՀ-ն ոչ միայն հայոց լեզու, պատմություն և մշակույթ սովորելու արդի և արդյունավետ միջոց է, այլ դարձել է ազգային ինքնության պահպանության հզոր գործիք:

Ֆորումի մասնակիցներից շատերին հետաքրքրեց ՀՎՀ-ի փորձը՝ այն որպես մոդել կիրառելու և նման կրթական հարթակ իրենց երկրներում ստեղծելու համար:

Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանի ընթացքում ՀՎՀ-ի տաղավարում ներկայացված էին էլ. գրքերի շարքը ֆրանսերենով: Մասնակիցների ուշադրությունը գրավեց հատկապես մայրաքաղաք Երևանին նվիրված էլ. գիրքն իր ինտերակտիվ հարուստ բովանդակությամբ:

«Բացահայտենք Երևանը» էլ. գիրքը հասանելի էր նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի պաշտոնական կայքում, ինչպես նաև “Le Courrier d'Erevan” տեղեկատվական կայքում: