login
Հոդվածներ
«ՀՎՀ-ն իմ աչքերով» լուսանկարների և տեսանյութերի մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են 10/17/2012
«ՀՎՀ-ն իմ աչքերով» լուսանկարների և տեսանյութերի ամենամյա մրցույթի առաջին հաղթողներն արդեն հայտնի են: Ընտրվել են լավագույն 3 լուսանկարները և տեսանյութերը: Այդ լուսանկարներն ու տեսանյութերը ընտրվել են 24 երկրներից դիմած ՀՎՀ-ի 83 ուսանողների ավելի քան 130 դիմումներից: Լուսանկարչության կատեգորիայում առաջին մրցանակակիր է ճանաչվել Գևորգ Արզումանյանը (Չարենցավան, Հայաստան), որը ներկայացրել է նկար` «ՀՎՀ» վերնագրով: Նկարի վրա պատկերված են ծիրանենու ճյուղ և երեք հասած ծիրան, որոնք խորհրդանշում են ՀՎՀ-ն և իր շրջանավարտները: Տեսանկարչության կատեգորիայում առաջին մրցանակակիր է ճանաչվել Մաթեուս Սոբրալբենտեսը (Ֆորտալեզա, Բրազիլիա), որը ներկայացրել է տեսանյութ` «Իմ պատմությունը» վերնագրով: Այս տեսանյութի մեջ Մաթեուսը պատմում է մի հայ աղջկա հետ ունեցած իր սիրո պատմությունը, ով սովորեցրեց Մաթեուսին սիրել Հայաստանն ու հայկական մշակույթը, և որն էլ հանդիսացավ իր հայերեն սովորելու հիմնական պատճառը: Մաթեուսը խոստովանում է, որ ՀՎՀ-ի միջոցով հայերեն սովորելը լավագույն տարբերակն է, հատկապես նրանց համար, ովքեր Հայաստանում չեն բնակվում: Երկրորդ և երրորդ մրցանակակիրները լուսանկարչության կատեգորիայում Աննա Ասլիկյանն է Հայաստանից`Երևանից, և Ալեքս Օգանեզովն է Վրաստանից`Թբիլիսիից : Աննա Ասլիկյանը ներկայացրել է նկար` «Մեր ուժը մեր միասնության մեջ է» վերնագրով: Նա նկարել է երկու թուղթ` միմյանց ամրացված թել ու ասեղով: Այս երկու գրված թղթերը խորհրդանշում են Հայաստանն ու հայկական սփյուռքը: Ալեքս Օգանեզովը ներկայացրել է նկար`«Ավատար ՀՎՀ-ի համար» վերնագրով: Նա նկարել է մի գեղեցիկ աղջիկ, որը օնլայն ուսուցանում է ՀՎՀ-ում: Գոհար Նավասարդյանը Երևանից երկրորդ մրցանակակիրն է տեսանկարչության կատեգորիայում, և Անուշ Քյուրողլյան Դամասկոսից երրորդ մրցանակակիրն է: Գոհարը նկարագրում է իր առօրյան ՀՎՀ-ում, իսկ Անուշը պատմում է հայկական դպրոցների մասին` սկսած Մեսրոպ Մաշտոցից` հայոց այբուբենի ստեղծման օրից մինչև մեր օրերը, երբ արդեն օնլայն հայերեն սովորելը հնարավոր է դարձել ՀՎՀ-ի միջոցով: Մրցանակները հետևյալն են` ՀՎՀ-ի մեկ անվճար դասընթաց (աժեքը`199$), հատուկ ձեռքի աշխատանք հայկական արվեստից և հաղթողի վկայագիր: Լուսանկարները և տեսանյութերը ընտրվել են բաց քվեարկությամբ և ՀՎՀ խորհրդի և անձնակազմի անդամներից կազմված հանձնաժողովի կողմից` նախապես սահմանված 3 չափանիշների համաձայն. համապատասխանություն մրցույթի թեմային, ստեղծագործական միտք, ընդհանուր տպավորություն: Լավագույն լուսանկարները ցուցադրվել են ՀՎՀ-ի 3-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ (2012 թվականի հոկտեմբերի 17-ին): ՀՎՀ-ն շնորհավորում է «ՀՎՀ-ն իմ աչքերով» լուսանկարների և տեսանյութերի ամենամյա մրցույթի հաղթողներին և մաղթում նորանոր հաղթանակներ: