login
Հոդվածներ
ՀՎՀ ուսումնական ծրագիրը շարունակում է հարստանալ վիրտուալ սոցիալ-մշակութային միջոցառումներով 01/20/2016
2016 թվականի ձմեռային ուսումնական շրջանի ընթացքում ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանը իր ուսանողների համար կազմակերպեց երկու վիրտուալ միջոցառում` Բարեկենդանի տոնը և Սուրբ Սարգսի տոնն ու Տյառնընդառաջը: Մեծ պահքին նախորդող Բարեկենդանի տոնը լի է հետաքրքիր ծեսերով և տոնակատարություններով: Միջոցառման ընթացքում ՀՎՀ օնլայն ուսուցիչները մասնակիցներին ներկայացրեցին հետաքրքիր ավանդույթներ և նրանց փոխանցեցին տոնի խանդավառ և զվարճալի մթնոլորտը: Հավատարիմ մնալով Բարեկենդանի տոնի ավանդույթներին` օնլայն ուսուցիչները մասնակիցներին ցուցադրեցին Ակլատիզը` ծիսական տիկնիկ, որը պատրաստված է սոխից և հավի փետուրներից և իր տեսքով հիշեցնում է խրտվիլակի: Նրանք մասնակիցների հետ կիսվեցին տոնին նվիրված ոտանավորներով և երգերով, ինչպես նաև տոնական ճաշատեսակների և թխվածքաբլիթների բաղադրատոմսերով: Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի տոները միահյուսված էին մեկ միջոցառման մեջ: Մասնակիցները տեղեկացան , թե ինպես էին հայերը տոնում սիրո տոնը եկեղեցական տոնակատարությունների և ծեսերի միջոցով: Օնլայն ուսուցիչները ուսանողներին ծանոթացրեցին երկու տոների ավանդույթներին, ինչպիսիք են`Սուրբ Սարգսի տոնի նախօրեի գիշերը աղաբլիթ ուտելը և Տյառնընդառաջի տոնին խարույկի վրայով ցատկելը: Օնլայն դասընթացներին զուգահեռ ՀՎՀ-ն պարբերաբար սոցիալ-մշակութային միջոցառումներ է կազմակերպում իր ներկայիս և նախկին ուսանողների համար: Այս միջոցառումների շնորհիվ մասնակիցները ծանոթանում են հայկական ավանդույթներին և մշակույթին, ինչպես նաև առցանց շփվում են մյուս ուսանողների հետ: