Սիդնեյի «Լույս» հայկական վարժարանը միանում է ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին
03/20/2017
Հայկական դպրոցների թիվն աճում է ՀՎՀ-ի յուրաքանչյուր ուսումնական շրջանի ընթացքում՝ արձանագրելով նոր հաջողություններ: Վերջերս Հայկական վիրտուալ համալսարանի հիբրիդ կրթության ծրագրին միացավ նաև Սիդնեյի «Լույս» հայկական դպրոցը՝ իր ավանդական ուսումնական ծրագիրը հարստացնելով հեռավար (օնլայն) կրթության մուլտիմեդիա միջոցներով:
Ավստրալիայում ՀՎՀ-ի ներկայացուցիչ Միհրան Լեփեջյանի և վարժարանի ուսուցչուհի Իրինա Ղուկասյանի հետևողական ջանքերի շնորհիվ հայկական այս դպրոցը ՀՎՀ-ին միացավ 2017 թվականի գարնանային ուսումնական շրջանում: Շուրջ 45 մասնակիցներ ընդգրկվեցին ՀՎՀ-ի արևմտահայերենի դասընթացի տարբեր դասարաններում՝ ըստ հայերենի իմացության մակարդակների: Սկսնակ մակարդակից մինչև բարձր խոսակցական մակարդակի հայերեն դասընթացներն անցկացվում են անգլերենով:
Դպրոցի տնօրեն Հայր Բարսեղ Սուսանյանը և ուսուցիչները ոգևորված են այս հնարավորությամբ և արդեն նկատել են մեթոդի արդյունավետությունն ու հետաքրքրությունն աշակերտների շրջանում:
Այսպիսով` հիբրիդ (խառը) կրթության ծրագիրն իր դասավանդման նորարարական մոտեցմամբ իսկապես շարունակում է ծառայել ՀՎՀ-ի առաքելությանը, այն է՝ հայկական կրթությունը հասանելի դարձնել աշխարհասփյուռ հայերի համար՝ տալով նրանց ըդնհանուր կապվածության, միասնականության զգացողություն: