Կանադայից ժամանած աշակերտներն ու ուսանողներն այցելեցին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան
08/06/2010
2010թ. օգոստոսի 6-ին Կանադայի գրասենյակի 16-25 տարեկան մի խումբ կամավորներ այցելեցին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան՝ նպատակ ունենալով մոտից ծանոթանալու համալսարանի կողմից առաջարկվող դասընթացներին:
«Իմ կարծիքով Հայկական վիրտուալ համալսարանը հիանալի հնարավորություն է այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են հայերենով եւ հայկական մշակույթով, եւ ես նրանց այստեղ եմ բերել», - ասաց հայ-կանադական «Բարեւ Երկիր» նախագծի ներկայացուցիչ Զաբել Բերբերյանը, ով ուղեկցում էր խմբին:
Երիտասարդները Կանադայի տարբեր ծայրերից եկել էին Հայաստան՝ այստեղի գյուղերից մեկում տան կառուցման աշխատանքներին մասնակցելու: Ճամփորդությունն իրականացվել էր Կանադայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հովանավորությամբ: Նրանցից ոմանք մի փոքր հայերեն գիտեին, սակայն այցի ընթացքում ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին սեփական մշակույթի եւ լեզվի հանդեպ:
ՀՎՀ տնօրեն Հասմիկ Խալափյանը ողջունեց հյուրերին եւ նրանց պատմեց համալսարանի ստեղծման գաղափարի եւ այսօրվա գործունեության մասին, որից հետո ՀՎՀ զարգացման մասնագետ Թալին Ջեղելյանը հյուրերին ներկայացրեց Հայոց պատմության մեկ դաս, իսկ երիտասարդները պատասխանեցին ինտերակտիվ հարցաշարին: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ցանկություն հայտնեցին ՀՎՀ դեսպաններ դառնալ իրենց համայնքներում: